Ինչպես և այլ թատրոնները, Մնջախաղի թատրոնը ևս փակ է արտակարգ դրության այս օրերին: Ավելին, ինչպես «Ազատության» հետ զրույցում ափսոսանքով նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, աշխարհով մեկ տարածված այս համավարակի պատճառով իրենք զրկվել են մի քանի միջազգային թատերական փառատոների
մասնակցելու հնարավորությունից:
Իհարկե չեն հուսահատվում և համոզված են, որ իրենց հավատարիմ հանդիսատեսը հետագայում ևս մշտապես իրենց հետ կլինի:
Անձամբ ինքը՝ Ժիրայր Դադասյանը,
ինքնամեկուսացման այս օրերն անցկացնում է բոլորի նման․ - «Աշխատում եմ շատ քիչ շփում ունենալ, ստիպված եմ լինում երբեմն դուրս գալ և այցելել մեր թատրոնի շինհրապարակ, որտեղ աշխատանքները, այնուամենայնիվ, քիչ-քիչ արվում են։ Մի շաբաթ դադարեցվեց, երբ որ պարետատունը արգելել էր, որից հետո վերսկսվեց։ Մի քիչ դանդաղ է գնում, բայց մեծ հույսեր ունենք, որ էս տարի գոնե կավարտենք»։
Նա ասաց, որ ի չիք դարձավ այն ամենը, ինչ ծրագրել էին անել գարնան ու ամռան ընթացքում․ - «Որովհետև այդ պլանները կապված էին միջազգային փառատոների մասնակցության հետ»:
Թատերախումբը փորձեր չի անում, աշխատում է միայն ադմինիստրացիան․ - «Բայց մի շատ հետաքրքիր գաղափար ունենք։ Սպասում ենք մի քիչ անձրևները դադարեն։ Փոքրիկ սյուրպրիզ կլինի, էլի օնլայն կլինի, բայց մենք դա կանենք դրսում, նկարահանումներ պիտի անենք և դրա արդյունքում մի գեղեցիկ նյութ կպատրաստենք»:
Դադասյանի կարծիքով, ինքնամեկուսացման պայմաններում շատ բարդ է թատրոնի դերասանների վիճակը․ - «Ստիպված են տանը զբաղվել իրենց մարմնի մարզավիճակը պահպանելով։ Ես այդ խնդիրը դրել եմ բոլորի առջև։ Բայց բեմադրիչների համար թերևս նույնիսկ լավ ժամանակաշրջան է աշխատելու համար։ Այդ իմաստով հիմա իմ համար հրաշալի ժամանակ է, որովհետև բավականին աշխատել եմ էս ընթացքում»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․