Մատչելիության հղումներ

«Պետք է հասնենք նրան, որ ատելության խոսքը վերածվի թեմատիկ քննադատության», ասում է ընդդիմադիր պատգամավորը


«Պետք է հասնենք նրան, որ ատելության խոսքը վերածվի թեմատիկ քննադատության», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Նրա համոզմամբ, պետք է տարբերակել վիրավորանքը գնահատող դատողությունից, վիրավորանքը՝ որակումներից, անձնական վիրավորանքը՝ քաղաքական գնահատականից՝ առաջ գնալու համար։

Թագուհի Թովմասյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

Թագուհի Թովմասյան․ - Յուրաքանչյուր ոք, ով խոսում է ատելության խոսքի, վիրավորանքի և ընդհանրապես այդ դատապարտելի երևույթների մասին, առաջին հերթին սեփական օրինակով պետք է ծառայի՝ դու ինչ ես անում և ինչ պատասխան ես ակնկալում։ Ես ամբողջ կյանքում էդպես եմ առաջնորդվել․ քննադատել եմ ամենադաժան, ամենսուր ձևով, բայց վիրավորական բառեր չեն պարունակել այդ քննադատությունները։ Եվ ես կարծում եմ, որ մենք կամաց-կամաց պիտի հասնենք այդ վիճակին, որ ատելության խոսքը վերածվի թեմատիկ քննադատության և հետևողական քննադատության։

«Ազատություն»․ - Իբրև մարդու իրավունքների պաշտպան եք Դուք, քանի որ ղեկավարում եք այդ հանձնաժողովը, պետք է Ձեր նպաստը բերեք դրան, որպեսզի այդ ատելության խոսքը, կամ փոխադարձ մեղադրանքները մտնեն խորհրդարանական օրենսդրական ձևաչափերի, էթիկայի կանոնների մեջ։ Կարծում եմ Դուք էլ այնդտեղ գործ ունեք անելու, տիկին Թովմասյան, այդպես չէ՞։

Թագուհի Թովմասյան․ - Այո, ես համաձայն եմ, որ ես էլ իմ նպաստը պետք է ունենամ, և մենք պետք է իսկապես տարբերակենք վիրավորանքը գնահատող դատողությունից, վիրավորանքը՝ որակումներից, անձնական վիրավորանքը՝ քաղաքական գնահատականից, սրանք պիտի տարբերակենք, որպեսզի կարողանանք գնալ առաջ։

«Ազատություն»․ - Որպես Մարու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ ի՞նչ խնդիրներ եք տեսնում Հայաստանում, մարդու իրավունքներն այս կառավարության օրոք ավելի պաշտպանվա՞ծ են, քան՝ նախորդ կառավարությունների օրոք։ Դուք ինչպե՞ս եք գնահատում Ձեր գործունեության դաշտը։

Թագուհի Թովմասյան․ - Ես միայն չեմ սահմանափակվելու այն գլխադասային, ոլորտային առաձնահատկություններով, որոնք որ ֆիքսված են խորհրդարանի կանոնագրքում, և այնտեղ մենք ունենք շատ սահմանափակ թվով, օրենսդրական մակարդակով, հանձնաժողովի գործառույթներ, բայց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովն իր բովանդակությամբ ավելի լայն է և ես, ինչպես իմ գլխավոր ելույթում հայտարարեցի, այսօր՝ 44-օրյա պատերազմից հետո, մեր կյանքը գլխիվայր շուռ է եկել և առաջնային խնդիրը, որ մենք ունենք մարդու իրավունքների հետ կապված, մենք պետք է պաշտպանենք Հայաստանի սահմանամերձ քաղաքացիների կյանքի, ապրելու և սեփականության իրավունքները։ Երբ որ այս իրավունքները կերաշխավորենք, դա կհամարենք այսպես ավարտված, կամ քիչ ռիսկային գոտի, նոր պետք է անցնենք մյուս հարցերին։ Բայց չմոռանանք, որ այսօր, ինչպես Դուք զրույցի սկզբում նկատեցիք, լրագրողների նկատմամբ առաջին անգամ այսպիսի ագրեսիվ, տարբերակված մոտեցում է ցուցաբերվում։ Կան մեր երկրում քաղաքական հալածյալներ, որոնք որ հալածվում են իրենց քաղաքական դիրքորոշման համար՝ սկսած Սյունիքի համայնքապետերից, որոնցից երկուսն Ազգային ժողովի պստգամավոր են ընտրվել և չեն կարողանում իրացնել իրենց ընտրությունը, վերջացրած ամենամանր դեպքերով, որ ինչ-որ գյուղապետարանի աշխատակից վատ բան է ասել իշխանության հասցեին, կամ հակաիշխանական գործելաոճ է ընտրել, դրա համար նա, ըստ էության, դարձել է թիրախ։ Ոլորտն իսկապես շատ ծանր է, մեծ է, բայց ստանձնել եմ պիտի շարունակեմ գնալ առաջ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG