Մատչելիության հղումներ

Շիրակում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի դեֆիցիտ կա


Շիրակի մարզի պոլիկլինիկաներում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի դեֆիցիտ կա: Ինչպես նշեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը՝ այս պահին առկա է միայն «ԱստրաԶենեկա» տեսակի պատվաստանյութը:

«Խնդիրն առկա է․ հիմնականում «ԱստրաԶենեկա» է առկա, իհարկե «Սպուտնիկ Վի» և չինական«Կորոնավակ» ունենք, բայց վերաբերում է երկրորդ ներարկումը ստացողներին, այսինքն՝ մենք պահել ենք չափաքանակը, որ անհրաժեշտ է առաջին ներարկումը ստացածների երկրորդ ներարկումն ապահովելու համար: Առաջին պատվաստում ստացողների համար խնդիր ունենք էս պահին, նախարարությունը խոստացել է տալ։ Բարձրացրել ենք հարցը, նախարարությունը խոստացել է լուծել հարցը, ասել են, որ 20-ից հետո կունենանք, տեսնենք», - ասաց Ասլանյանը։

Չնայած պատվաստանյութերի պակասի հետ կապված խնդիրներին, պատվաստվածների քանակով Շիրակը մյուս մարզերի համեմատ բավականին բարձր ցուցանիշ ունի:

«Ի տարբերություն մեկնարկի, մեկնարկը, երբ տրվեց պատվաստումային գործընթացի, շատ պասիվ էին քաղաքացիները, իսկ վերջին շրջանում մենք ֆիքսել ենք բավականին ակտիվացում պատվաստումային գործընթացի։ Այս պահի դրությամբ ամփոփ տվյալներ ներկայացնեմ՝ 18 հազար պատվաստում իրականացրել ենք մարզում, որը կազմում է մարզի 18 տարեկանից բարձր ազգաբնակչության 8-ից 9 տոկոսը։ Համեմատած մյուս մարզերի հետ, մեր մարզի ցուցանիշները բավականին լավ ցուցանիշներ են», - ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատարը։

Հանրապետությունում վերջին շրջանում գրանցվում է կորոնավիրուսով վարակվածների թվի աճ, Շիրակում՝ ևս, թեև ոչ մեծ թվով բայց դիանամիկան սկսել է աճել: «Վերջին շրջանում, ինչպես հանրապետությունում, այնպես էլ մեզ մոտ, որոշակի աճ ունենք կորոնավիրուսային վարակով հիվանդների, մեծ թվեր չեն, բայց աստիճանական՝ փոքր-փոքր թվերով աճ ֆիքսել ենք արդեն։ Էս պահին 87 հիվանդ ունենք ամբուլատոր հսկողության տակ գտնվող», - նշեց Ասլանյանը։

Շիրակի մարզում այս պահին քովիդով հիվանդների սպասարկման ստացիոնար բուժհաստատություններ չեն գործում: Հոսպիտալացվող հիվանդները ուղեգրվում են մայրաքաղաք: Քովիդի տարածման դեմ ամենաարդյունավետ միջոցն, ըստ մասնագետների, պատվաստումն է, այդ առումով, այդուհանդերձ, Հայաստանը դեռևս աշխարհում հետնապահների թվում է։

Ըստ Առողջապահության նախարարության վերջին տվյալների՝ մինչ օրս ամբողջ Հայաստանում կատարվել է ավելի քան 220 հազար պատվաստում, սա Հայաստանի բնակչության 7,5 տոկոսն է։ Այդուհանդերձ, հստակ չէ, թե այս թվի մեջ որքան են կազմում օտարերկրացիները։

XS
SM
MD
LG