Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Այդ մասին այսօր հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):
Հաղորդագրության համաձայն՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Դավիթ Գրիգորյանն իր վարույթում քննված դատական գործերով Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիքներ:
«Մասնավորապես, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում 07.09.2018թ.-ին ստացվել է քաղաքացու կողմից քննիչի և դատախազի որոշումների դեմ բերված բողոքը, որի վերաբերյալ դատական գործը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին: Վերջինս, պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, բողոքի քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու և այդ կերպ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է 14.09.2018թ.-ին դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն: Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր դատական նիստին չեն ներկայացել բողոքաբերը, ՀՀ քննչական կոմիտեի և դատախազության ներկայացուցիչները, որոնց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի, և նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել ու նշանակվել է մեկ այլ օր», - մանրամասնում է ՀՔԾ-ն՝ շարունակելով. - «Հիշյալ բողոքի նյութերին են կցվել կողմերին ուղղված, 14.09.2018թ.-ին դատական նիստին ներկայանալու մասին դատարանի գրասենյակում չգրանցված, անստորագիր և առանց ելքագրման ձևական ծանուցագրեր: Ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող վերը նշված արձանագրությունը կազմելուց և իրենց ստորագրություններով հավաստելուց հետո Դավիթ Գրիգորյանը և Գոռ Վարդանյանն այն կցել են դատական գործի նյութերին»:
Բացի այդ, ըստ հաղորդագրության, 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի բաժնի պետի համապատասխան միջնորդությունը, որի վերաբերյալ դատական գործը նույն օրը մակագրվել է դատավոր Գրիգորյանին: «Վերջինս որպես իր աշխատանքի արդյունավետ գնահատման դրական չափանիշ, այն է` ողջամիտ ժամկետում դատական գործի քննություն ցույց տալու, ինչպես նաև հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դարձյալ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է հիշյալ գործով 14.09.2018թ.-ին դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն: Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր դատական նիստին կողմերը չեն ներկայացել, և նրանց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի: Նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր», - նշված է հաղորդագրությունում: - «Հիշյալ բողոքի նյութերին են կցվել կողմերին ուղղված, 14.09.2018թ.-ին դատական նիստին ներկայանալու մասին դատարանի գրասենյակում չգրանցված, անստորագիր և առանց ելքագրման ձևական ծանուցագրեր: Այս դեպքում ևս ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող վերը նշված արձանագրությունը կազմելուց և իրենց ստորագրություններով հավաստելուց հետո Դավիթ Գրիգորյանը և Գոռ Վարդանյանն այն կցել են դատական գործի նյութերին: Ընդ որում, հատկանշական է, որ վերոհիշյալ երկու դատական գործերով էլ 2018թ. սեպտեմբերի 14-ով թվագրված դատական նիստերի արձանագրություններում նշվել է նիստերի անցկացման նույն ժամը, մինչդեռ Դավիթ Գրիգորյանը և Գոռ Վարդանյանը նշված օրը և ժամին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում չեն գտնվել:
Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիք») 1-ին մասով (2 դրվագ), իսկ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին` 38(հանցակցություն)-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):
Հիշեցնենք, Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել դեռ անցած տարվա հուլիսի 30-ին, լիազորությունները կասեցված դատավորը մեղադրանքը չէր ընդունել, իսկ նրա փաստաբանն այն պայմանավորել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով, որին Գրիգորյանը 2019-ի մայիսի 18-ին կալանքից ազատ էր արձակել: