Մատչելիության հղումներ

3-ամսյա գերությունից վերադարձած Արայիկի կյանքը կամաց-կամաց հունի մեջ է ընկնում


Անիչկա Միկոյանը 5 ամիս առաջ գերությունից վերադարձած որդու կողքից հեռու գնալ չի ուզում։ Մատաղն արել է, գյուղացիների հետ ուրախությունը կիսել ու 3 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած 19-ամյա Արայիկի հետ քննարկում են՝ ինչպես մեկը երկու դարձնեն։ Կովերը՝ Սևոն ու Մարալն արդեն հորթեր ունեն։

Արայիկը, որ վերականգնողական կենտրոնից արդեն վերադարձել է, լուռ համաձայնում է մոր բոլոր ասածներին։ Հանկարծ նրան ցավ չպատճառի, առանց այն էլ՝ պատկերացնում է՝ ինչ տառապանքների միջով է անցել իրեն սպասելիս։ Իր ունեցած դժվարությունների մասին սակավախոս է, ասում է՝ հիշելու բան չէ, բայց մտքից էլ չի գնում։

«Արդեն ինչքան կարում եմ, չեմ հիշում, բայց դե ուզենք-չուզենք էլի հիշելու ենք էլի», - ասաց Արայիկը:

Հիշողությունների մեջ այսօր նախ պատերազմն է, Հադրութի տներից մեկի տանիքում 5 ընկերներով անցկացրած 43 օրը, հետո արդեն ադրբեջանական բանտի մենախցում ապրած 3 ամիսները. «Չէինք պատկերացնում, որ մենք կարանք գերի ընկնենք»:

Հիմա չի պատասխանում հարցերին, թե որտեղ էր վիճակն ավելի ծանր, բայց ասում է՝ ամենամեծ դժվարությունն սպասելն էր. տանիքում 43 օր սպասում էին՝ չիմանալով, ինչի կամ ում են սպասում։ Բայց իրենց համար անհասկանալի ադրբեջաներենի հաստատ չէին սպասում։

«Տեղանքին ծանոթ չէինք մենք, չգիտեինք՝ որ կողմով գնանք, որ հայերին գտնենք, իրանց հասնենք: 43 օր մնացել ենք, ջոկեցինք, որ արդեն թալան են տալիս, ասինք՝ ստեղ վտանգավոր ա, գնանք տանիք, մի քանի օր հետո եկան բռնեցին», - պատմեց Արայիկը:

Բանտի մենախցում արդեն օրերի հաշիվը կորցրել էր։ Ադրբեջանցիներն ամեն անգամ ուտելիք բերելիս մի թղթի կտորի վրա ամսաթիվ էին գրում, պատմում է Արայիկը։ Իրար վրա հավաքել է բոլոր թղթերն ու ամիսներն ամբողջացրել. «Որ ամիսն անցնում էր գցում էի աղբամանը, էն մի ամիսն էի հավաքում»:

Ասում է՝ թե որ գերությունից փրկվելու հնարավորությունը տեղավորում էր գլխի մեջ, ուզում էի պատկերացնել՝ ինչպե՞ս կընդունեն Հայաստանում, իր հարազատ Աքորի գյուղում, ոնց կապրեմ գերությունից հետո, կարող եմ գործ ու անելիք գտնել։ Հարցերը շատ են եղել, պատասխանները քիչ։ Բայց վերադառնալուց 5 ամիս անց արդեն ամեն ինչ նորմալ է համարում. հոգեբանական դժվարությունները հաղթահարված են՝ մասնագետների պատասխանն է։

«Տենց վախ չունեմ ես, էդ բաների միջով, որ անցել եմ ավելի եմ դուխովացել, չեմ վախենում շատ», - նշեց Արայիկը:

Օրերս մայրը ավտոմեքենա է նվիրել դժվարությունների միջով անցած որդուն։ Ասում է՝ Արայիկի երազանքն էր մեքենա վարել։ Բայց պարզել են, ընդամենը մի քանի ամսվա ծառայությունից ու գերությունից հետո Արայիկը համարվել է հետագա ծառայության համար ոչ պիտանի։ Այս կարգավիճակում նա վարորդական իրավունք ստանալ չի կարող. «Ասում եմ՝ ոնց կարա սենց լինի, որ էդքան բանի միջով անցել ենք, ծառայել ենք, վերջում եկել են «նիգոդնի» են տալիս: Ասենք, ես որ ուզենամ մի գործի մտնեմ, չեմ կարողանա»:

Դեռ չգիտեն՝ ինչպես կլուծվի այս հարցը, բայց մի կարևոր խնդիր շուտով լուծված կլինի։ Երկաթե տնակում ապրող ընտանիքը քարե տուն կունենա։ Համբուրգի հայ համայնքի ղեկավարն է խոստացել փակել շինարարության բոլոր ծախսերը։ Տան նախագիծն արդեն ձեռքի տակ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG