Մատչելիության հղումներ

Դավթյանը ԵԽ մարդու իրավունքների հարցերով վարչության ղեկավարին է ներկայացրել հայ գերիների իրավունքների «տոտալ ոտնահարումների փաստերը»


Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր վարչության ղեկավար Քրիստոս Յակումոպուլոսի հետ քննարկել է արցախյան պատերազմի հումանիտար հետևանքները՝ հատկապես մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումների տեսանկյունից:

Արթուր Դավթյանը, մասնավորապես, ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ 2020-ի նոյեմբերի 10-ին հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ընդունումից հետո հայ զինծառայողների, ռազմագերու կարգավիճակում հայտնված անձանց, ինչպես նաև Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող քաղաքացիական անձանց իրավունքների տոտալ ոտնահարումների փաստերը:

Արթուր Դավթյանը էական է համարել միջազգային հանրության և մասնավորապես մարդու իրավունքների ոլորտում ԵԽ կառույցների կողմից նման դրսևորումներին պատշաճ արձագանքելու անհրաժեշտությունը:

Նշելով, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործումը և հումանիտար բնույթի հարցերի ամբողջական և անկեղծ լուծումը կարող է լինել տարածաշրջանում խաղաղության հաստատման, տնտեսական և այլ բնագավառներում համագործակցության երաշխիք՝ Հայաստանի գլխավոր դատախազն ընդգծել է՝ սակայն ադրբեջանական կողմի ապակառուցողական գործողությունները չեն նպաստում իրավիճակի կայունացմանը և ուղիղ հակասում են եռակողմ հայտարարության պահանջներին։

Որպես ապակառուցողականության ցցուն օրինակ՝ Արթուր Դավթյանը հիշեցրել է «Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող անհիմն մեղադրանքներով ապօրինի քրեական հետապնդումների, շինծու դատավարությունների կազմակերպման մասին»՝ նշելով, որ դրանք ուղեկցվում են քրեական վարույթների շրջանակում հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված բազմաթիվ իրավունքների կոպիտ խախտումներով:

Գլխավոր դատախազը ներկայացրել է նաև հայկական պատմամշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի զինուժի կողմից ազգային ատելության շարժառիթներով դիտավորությամբ կատարված հանցավոր ոտնձգությունները:

Երկկողմ պատրաստակամություն է արտահայտվել խնդրո առարկայի վերաբերյալ անհրաժեշտաբար իրականացնել տեղեկատվության փոխանակում:

XS
SM
MD
LG