Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը հրաժարականի դիմում է գրել ու հեռացել պաշտոնից, չնայած 20 օր առաջ «Ազատության»-ը տված հարցազրույցում ասում էր՝ ոչ մի դեպքում հրաժարական չի տա։ Ավելին, մտադիր էր առաջադրվել հաջորդ տարի կայանալիք ընտրություններին, համոզված, որ կվերընտրվի։
«Ինչի՞ պիտի հրաժարական տամ, ինձ ժողովուրդն ա ընտրել, ժողովուրդն էլ չի ասում՝ գնա։ Երբ ժողովուրդը կկանգնի, կասի՝ «Մհեր ջան, հրաժարվի՛», կհրաժարվեմ, չէ, ընդհանրապես հրաժարվելու միտք չունեմ, դաժե պիտի թեկնածու էլ դնեմ մյուս ընտրություններին», - ասել էր Գևորգյանը։
Մինչդեռ, երեկ նա, առողջական խնդիրներով պայմանավորելով, հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն։ Հրաժարականն ի գիտություն են ընդունել, արձանագրություն կազմել, շուտով կուղարկեն կառավարություն՝ հաստատման։
Համայնքապետի տեղակալ Ռաֆիկ Վարդանյանն ասաց՝ երեկվա ավագանու նիստում Գևորգյանը պաշտոնից հեռանալու կոնկրետ պատճառ չի նշել։ Իրենք էլ չեն պնդել՝ իմանալու։
«Ինքը որոշել էր անցած շաբաթ, ասավ, որ երկուշաբթի պետք է հրաժարական տա, պատճառ չնշեց, մենք էլ չհարցրեցինք, կարող ա առանձին խոսանք ,ասի, բայց նիստի ժամանակ չենք հարցրել», - ասաց Վարդանյանը։
Մհեր Գևորգյանը պաշտոնավարման ողջ ընթացքում Հանրապետական կուսակցության անդամ է եղել։ Մեկ ամիս առաջ տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին աջակցում էր Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին ու մասնակցում նրա հանրահավաքներին։ Քվեարկության արդյունքում 6 հազար 700 ընտրող ունեցող համայնքում դաշինքի օգտին քվեարկեց ընդամենը 710 մարդ՝ 3 անգամ պակաս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն տվածների թվից։
Ընտրություններից հետո Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հայտարարեց, թե պետք է հրաժարական տան մարզի այն համայնքապետերը, որոնց սատարած քաղաքական ուժերն Ազգային ժողովի ընտրություններում պարտություն են կրել։ Ըստ մարզի ղեկավարի՝ այդ համայնքապետերն իրենց համայնքներում վստահություն չունեն և ընտրություններին մասնակցած կուսակցությունների պարտությունը նաև իրենց պարտությունն է։
«Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ պիտի էդ մարդիկ հրաժարական տան և նորից մասնակցեն ընտրությունների, որպեսզի հասկանան՝ արդյոք ժողովուրդն իրենց վստահում է, թե՝ չի վստահում։ Միակ ճանապարհը քաղաքակիրթ սա է, բայց պիտի քաղաքական կամք դրսևորեն։ Ես համոզված եմ, որ շատերը վստահ չեն, որ իրենք կվերընտրվեն», - ասաց Խաչատրյանը։
Գյուլագարակի պաշտոնաթող համայնքապետն այսօր արդեն աշխատանքի չէր ներկայացել։ Նա չհամաձայնեց հանդիպել, բայց հեռախոսով «Ազատության»-ն ասաց՝ 22 տարվա պաշտոնից հեռանում է առանց լուրջ պատճառների՝ կրկին ընտրություններին մասնակցելու պայմանով։ «Իմ ժողովուրդն ինձ սիրում ա, ես էլ ժողովրդին եմ սիրում, դնելու եմ ու կրելու եմ, է՞դ ես ուզում», - ասաց Գևորգյանը։
Հարիցն, թե ինչո՞ւ հրաժարական տվեց, Գյուլագարակի արդեն նախկին ղեկավարը պատասխանեց․ - «Դա ես ու իմ Աստվածը գիտենք, դա ոչ մեկի գործն ա, մի քիչ ուզում եմ հանգստանամ, 23 տարի անընդմեջ աշխատել եմ, ուզում եմ հանգստանամ»։
Մեկ տարի առաջ ևս Մհեր Գևորգյանը հրաժարականի դիմում էր գրել: Այդ հարցով ավագանին նիստ էր գումարել, որտեղ համայնքի ղեկավարը հայտարարել էր, թե Լոռու այն ժամանակվա մարզպետ Անդրեյ Ղուկասյանն է իրեն հարկադրել հրաժարվել պաշտոնից: Մի քանի ժամ անց, այդուհանդերձ, Գևորգյանը մտափոխվել էր ու հրաժարականի դիմումը հետ վերցրել։ Այժմ նա պնդում է, թե ներկայիս մարզպետի հետ անգամ լավ հարաբերություններ ունի։ Նա իրեն հրաժարական չէր պարտադրի․ - «Մարզային իշխանությանն ասել եմ, էն ժամանակ էլ եմ ասել, որ մարզպետի հետ հարաբերություններս լավ են, տենց բան չի լինի»։
Լոռու մարզում վերջին օրերին պաշտոնից հրաժարվելու դիմում են ներկայացրել նաև Հարթագյուղի 34 տարվա և Սարալանջի 31 տարվա համայնքապետերը։ Նրանցից առաջինն ասաց՝ բիզնես է սկսել, համայնքապետի գործն իրեն խանգարում է, մյուսը, թե՝ առողջական խնդիրներ ունի։
Պաշտոնից հրաժարվել է նաև Նոր Խաչակապի համայնքապետի պաշտոնակատարը։ Երկու օրից լրանում է Սարամեջի 13 տարվա համայնքապետի լիզորությունների ժամկետը։ Նա ասաց՝ որոշել է՝ նորից կառաջադրվի ու կպայքարի հետագա պաշտոնավարման համար։
Մեկ ամիս առաջ մարզի ամենամեծ գյուղական համայնքի՝ Օձունի ղեկավարը դիմել էր դատախազություն, թե Լոռու մարզպետարանում իրեն ծեծել են այն բանից հետո, երբ պաշտոնից հրաժարվելու՝ մարզի ղեկավարի պահանջը մերժել է։ Իրավապահները քրեական գործ են հարուցել և Օձունի համայնքապետին տուժող ճանաչել։ Նախաքննությունը շարունակվում է։