Մատչելիության հղումներ

Ադրբեջանն անարձագանք է թողել սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու առաջարկը. Փաշինյան 


Ադրբեջանն իր քայլերով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ անարձագանք թողնելով Հայաստանի հետ սահմանին ռուս սահմանապահներ կամ միջազգային դիտորդներ տեղակայելու Երևանի առաջարկը, բարձրաձայնելով «Զանգեզուրի միջանցքի» մասին ու այդպիսով փաստացի արգելափակելով ուղիների վերաբացումը և վերջապես՝ հրաժարվելով վերադարձնել հայաստանցի ռազմագերիներին, այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ Հայաստանը նախանձախնդիր կերպով շարունակելու է հետապնդել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը. «Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողական և արդյունավետ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, և Ադրբեջանի անհասկանալի հայտարարություններն, այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի, և որ առավել կարևոր է՝ հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ, որը բացահայտում է, թե ինչ է նշանակում և ինչպես պետք է իրագործվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը», - ասաց Փաշինյանը` շարունակելով.

«Իմ մեկնաբանությունը միանշանակ է՝ Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար»:

«Մենք շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում՝ Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ և ռուսաստանցի, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը դեմ է նաև սահմանազատման աշխատանքներին՝ ասպարեզ բերելով կեղծված քարտեզներ և դրանց օգնությամբ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը Սոթք-Խոզնավար հատվածի որոշ տեղանքներում։

«Ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Հայաստանը հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ նույնպես. տվյալ տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրս բերում, սահմանագծից և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի զինված ուժերի հայելային ետքաշում՝ մշտական տեղակայման վայրեր, սահմանագծի վրա ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայում, և միջազգային հովանու ներքո սահմանագծման և սահմանազատման աշխատանքների նախապատրաստություն և մեկնարկ:

Մեր այս առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք մեր գործընկերների, մասնավորապես ռուսաստանցի գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը և առաջարկին», - նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Հայաստանի հետ խաղաղությանն ու սահմանազատմանն է երեկ անդրադարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հայտարարելով, թե Երևանը պատրաստ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, այդ առումով Երևանից որևէ արձագանք չկա, ինչպես նաև Հայաստանը խուսափում է Ադրբեջանի հետ սահմանազատումից։

Ալիևը հավելել է, թե Զանգեզուրը, Սևանն ու Երևանը ադրբեջանցիների «հայրենի հողն է»։

Նիկոլ Փաշինյանն այօսր հիշեցրեց, որ Հայաստանը բազմիցս հրապարակավ ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի այս ապրիլի 13-ի հայտարարությունը, որում նշված է ղարաբաղյան հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերման մասին՝ «կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա»:

«Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով և բովանդակությամբ։ Եվ կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը լավ կանի ապակառուցողական գործողությունների և հայտարարությունների փոխարեն անսա միջնորդների հորդորներին ու նույնպես հստակ դիրքորոշում հայտնի համանախագահների հայտարարության վերաբերյալ։ Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնելով, որ նախորդ ամիսներին հայկական կողմը երկու զոհ է տվել սահմանին, Հայաստանը վերադարձրել է 104 ռազմագերու՝ Փաշինյանը ընդգծեց, որ Երևանը շարունակելու է աշխատել բոլոր ռազմագերիների վերադարձման, Արցախի հարցի համապարափակ կարգավորման, սահմանազատման և տարածաշրջանային ուղիների վերաբացման ուղղությամբ։

«Անկախ ամեն ինչից՝ Հայաստանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ներառյալ հայ-ռուսական միացյալ զորախմբի և Հավաքական անվտանգության պայմանագրի մեխանիզմների գործարկմամբ, ինչի շուրջ մենք շարունակում ենք մեր խորհրդակցությունները մեր գործընկերների հետ», - ասաց կառավարության ղեկավարը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG