Մատչելիության հղումներ

Բանակցություններին նախ պետք է քննարկվի ադրբեջանական ԶՈւ-ի հեռացումը ՀՀ-ի տարածքից, շեշտում է Ավինյանը


Բանակցությունների սեղանի շուրջ առաջին հարցը, որ պետք է քննարկվի, ադրբեջանական զինուժի հեռացումն է Հայաստանի տարածքից։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ Նշեց նաև՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունները ստեղծում է Ադրբեջանը։ Սահմանային իրավիճակի հանգուցալուծումն ի վերջ ինչպե՞ս է լինելու։

«Վաղ թե ուշ ինչ-ոչ մի օր անպայմանորեն սահմանագծում և սահմանազատում մեր սահմանների պետք է տեղի ունենա մեր բոլոր հարևանների հետ, բայց այսպես ասած` շատ կոպիտ խախտելով մեր սահմանը և տեղակայվելով մեր սահմանի ներսում և այսպես ասած` նույնիսկ շանտաժային մեթոդով փորձել մղել մեզ ինչ-որ գործողությունների, անարդյունավետ ճանապարհ է, դա որևէ արդյունք չի կարող տալ: Նմանատիպ մոտեցումը և մեթոդը շանտաժի Հայաստանի Հանրապետության իշխանությունների և ՀՀ ժողովրդի համար ընդունելի լինել չի կարող:

Այո, անպայմանորեն պետք է նստել բանակցությունների սեղանին, բայց առաջին հարցը, որ պետք է քննարկվի, ադրբեջանական զորամիավորումների հեռացումն է Հայաստանի Հանրապետության տարածքից», - ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը:

Ավինյանի խոսքով՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի այս հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով։

Այսօր էլ Ադրբեջանի նախագահն է հայտարարություն արել, թե «ոչ պաշտոնական խողովակներով ստացվող տեղեկատվության համաձայն` Հայաստանը պատրաստ չէ խաղաղ համաձայնագրի ստորագրմանը»։ Հայտարարել է նաև. «Կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանները, սկսեն աշխատանքներ տանել սահմանների դելիմիտացիայի ուղղությամբ։ Դելիմիտացիայի հարցում միջազգային կազմակերպություններից ևս այժմ դրական ազդակներ են ստացվում։ Եթե Հայաստանը չի ցանկանում դա անել, իր գործն է։ Նրանք, սակայն, պետք է լավ մտածեն այդ ուղղությամբ, քանի որ հետագայում կարող է ուշ լինել»։

Փոխվարչապետի պաշտոնակատար Ավինյանը, արձագանքելով այս հայտարարությանը, նշեց. «Ես կարող եմ ասել, որ առաջնահերթությունների շարքում է Արցախի կարգավիճակի հարցը, և քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես լուծված չէ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսված չեն, կարծում եմ` ընդհանուր այլ լուծումների մասին և այլ մոտեցումների մասին դժվար կլինի խոսել: Մենք շատ կարևորում ենք բանակցային գործընթացը, ինչպես նաև կարևորում ենք այն որոշակի դրական տեղաշարժերը, որոնք առկա են ապաշրջափակման բանակցային գործընթացում, բայցևայնպես վերջնական բոլոր հանգուցալուծումները, խաղաղության համաձայնագրերը և պայմանագրերը, դելիմիտացիան և դեմարկացիան իրենց մեջ որոշակի խութեր են պարունակում, և առաջին ամենակարևոր խնդիրը Արցախի և Արցախի ժողովրդի կարգավիճակի հարցն է»:

XS
SM
MD
LG