Մատչելիության հղումներ

«Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ուղղակիորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ», շեշտել է Զախարովան


«Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի առանձին շրջաններում ուղղակիորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ և այն սահմանի միջազգային իրավական ձևակերպման բացակայության հետևանք է։ Կողմերի փոխվստահության դեֆիցիտի պատճառով ճգնաժամը խորանում է», - այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով՝ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին սահմանի դեմարկացիայի հարցով։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների առաքելությանը Լեռնային Ղարաբաղում, Զախարովան ընդգծել է․ - «Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է համեմատաբար կայուն։ Առանձին միջադեպերն օպերատիվ կերպով լուծվում են ադրբեջանցի և հայ գործընկերների հետ փոխգործակցությամբ։ Ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվում»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը ևս մեկ անգամ հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման գործում:

Հիշեցնենք՝ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից գտնվում են Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի շրջանում: Նման իրավիճակ է ստեղծվել նաև Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի մոտակայքում։ Պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում պետական սահմանի տարբեր հատվածներում։

Երկու օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս հարցը բարձրացրել էր։ Իսկ Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, թե ռուս խաղաղապահներ հայ-ադրեբջանական սահմանին տեղակայելու հարց օրակարգում չկա։ Սակայն, նույն օրը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն, «Ազատության» հարցին ի պատասխան, ասել էր, թե հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուսաստանյան սահմանապահների ներկայությունը ընդլայնելու հարցի շուրջ առարկայական քննարկումները շարունակվում են։

Ըստ ռուսաստանցի մեկնաբանների՝ ռուս սահմանապահաների տեղակայումը սահմանին կապ չունի նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետ

Ռուսաստանցի մեկնաբանները շեշտում են, որ ռուս սահմանապահաների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին ուղղակի կապ չունի նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետ, և Հայաստանն իրավասու է ցանկացած երկրի զորք տեղակայել իր սահմանին՝ անվտանգությունն ապահովելու համար։

Նրանք շեշտում են, որ խոսքը ոչ թե խաղաղապահների, այլ սահմանապահների մասին է, իսկ սահմանապահներ տեղակայելու համար Ադրբեջանի համաձայնությունը պետք չէ։ Այս հարցը նաև ադրբեջանական մամուլի ուշադրության կենտրոնում է։

Զախարովան այսօր, փաստորեն, ակնարկել է ևս մեկ անգամ, որ հայ-ադրբեջանական սահամանին տեղի ունեցող զարգացումներն ուղղակիորեն կապված չեն ո՛չ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ո՛չ եռակողմ համաձայնագրի հետ, որ ստորագրել էին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղակավարները։

Ինչ վերաբերում է եռակողմ համաձայնագրերին, որ ստորագրվել են նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին, պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում է, որ դրանց իրագործումը պարտադիր է, և որ բոլոր երեք կողմերն էլ դա հասկանում են։

Հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի նախագահը չի պատրաստվում բանակցել նաև ադրբեջանական կողմի հետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, երեկ Պեսկովը պատասխանել էր․ - «Ադրբեջանական կողմի հետ շփումները մշտական բնույթ են կրում։ Բոլորը համաձայն են, որ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը շատ կարևոր է և այլընտրանք չունի։ Եվ այդ պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում էլ շփումներ են իրականացվում թե՛ հայկական կողմի, թե՛ ադրբեջանական կողմի հետ»։

Նշենք, որ այդ համաձայնագրերում հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ կետ չկա։ Բաքուն և Անկարան, սակայն, պնդում են, որ ռուսական և հայկական կողմերի հետ պայմանավորվել են հենց միջանցքի մասին։

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն այսօր այցելել է Ղարաբաղ և Շուշիի հռչակագիրը համեմատել Կարսի պայմանգրի հետ։

«Ղարաբաղի վերականգնմանն ու զարգացմանը զուգահեռ, հաղթանակից հետո այստեղ կայունություն կհաստատվի, կբացվեն կոմունիկացիաները և ամենակարևորը՝ Զանգեզուրի միջանցքը։ Նախիջևանը Թուրքիայի դարպասն է։ Թուրքիայի կողմից ստորագրված հռչակագրի շնորհիվ կապահովվի ելք դեպի Կենտրոնական Ասիա, Կասպյան ավազան և Արևելք», - այսօր ասել է թուրք դիվանգետը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG