Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բաքվում ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
Վերջինս իր հայ և ադրբեջանցի պաշտոնակիցներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հետ ընդգրկված է աշխատանքային խմբում, որը համակարգում է 44-օրյա պատերազմից հետո Անդրկովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերը:
Այդ համաձայնությունը ձեռք է բերվել հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում:
Երեք փոխվարչապետերն արդեն մի քանի անգամ հանդիպել են:
Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, երեկ Բաքվում զրույցից առաջ Օվերչուկն Ալիևին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Պուտինի ողջույնը: Ապա Օվերչուկն ու Ալիևը քննարկել են ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Օվերչուկն ու Ալիևը գոհունակությամբ նշել են առևտրաշրջանառության և, մասնավորապես, Ադրբեջանից Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանման աճը:
Նախագահը և փոխվարչապետը քննարկել են սահմանային անցակետերի աշխատանքը, զրուցել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:
Մեկնաբանելով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը՝ Ադրբեջանի ղեկավարները մշտապես կիրառում են «Զանգեզուրի միջանցք» եզրույթը: Այն նաև Անկարայում են կրկնում:
Մինչդեռ, հայկական կողմը հետևողականորեն նշում է, որ անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ միջանցքի մասին խոսք չի եղել, կողմերը պայմանավորվել են վերականգնել տրանսպորտային ուղիները:
Հայաստանի կառավարությունը վերստին կրկնել է, որ տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակումը բնավ չի ենթադրում ինչ-որ հատուկ «միջանցքի տրամադրում» Ադրբեջանին:
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ «միջանցքային տրամաբանությամբ» ոչ մի հարց ադրբեջանական կողմի հետ չի քննարկում:
Նրա փոխանցմամբ, ապաշրջափակումը կտա այլ երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին, Հայաստանի տարածքով անցնող ուղիներով ապրանքներ փոխադրելու հնարավորություն, բայց այդ ուղիների նկատմամբ հսկողության սահմանում պարզապես բացառվում է:
Եվ բացի այդ, ըստ Գրիգորյանի, տրանսպորտային ուղիների վերաբացումը պետք է փոխադարձ գործընթաց լինի:
Եռակողմ խմբի հանդիպումներ ապրիլից չեն եղել, արդյո՞ք ռուսական կողմն ունի ինչ-որ նոր առաջարկներ, և Օվերչուկն Ալիևին դրանք է ներկայացրել:
Հաշվի առնելով Ռուսաստանի փոխվարչապետի բանակցությունները Բաքվում՝ կարելի է ենթադրել, որ այս ուղևորության շրջանակում նա կայցելի նաև Երևան: