Մատչելիության հղումներ

Ադրբեջանում մեկնաբանում են «Շուշիի հռչակագիրը»


Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը ստորագրել են երկու երկրների համագործակցության պայմանագիրը, Շուշի, 15-ը հունիսի, 2021թ.
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը ստորագրել են երկու երկրների համագործակցության պայմանագիրը, Շուշի, 15-ը հունիսի, 2021թ.

Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առընթեր վերլուծական ծառայության նախկին ղեկավար, քաղաքագետ Ֆարհադ Մամեդովն ասել է, որ հետպատերազմյան իրականությունը նոր ուրվագծեր է ստանում, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան պաշտոնապես դարձան դաշնակիցներ։

Նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը վերջին իրադարձությունները համարել է թուրք-ամերիկյան հարաբերությունների բարելավման վկայություն։ «Պարզ դարձավ, որ առանց Թուրքիայի մասնակցության, հնարավոր չէ ուժեղացնել Արևմուտքի ազդեցությունը Հարավային Կովկասում, Միջին Արևելքում, Աֆղանստանում և Ուկրաինայում», - ասել է նա:

Միլի մեջլիսի պատգամավոր Սոլթան Մամեդովի գնահատմամբ՝ հռչակագիրը ուղղված է ոչ միայն թուրք-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը, այլ նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

«ԱՊԱ» գործակալության մեկնությամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև զարգացող ռազմա-քաղաքական համագործակցությունը համապատասխանում է երկու կողմերի շահերին և ուղղված չէ երրորդ երկրների դեմ, ինչն արտահայտված է Շուշիի հռչակագրում։

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան ադրբեջանական տիրույթում քննարկվում է ապագա հեռանկարում Ադրբեջանի և Թուրքիայի միավորման հնարավորությունը, «Շուշիի հռչակագիրը» համարվում է առաջին քայլը ադրբեջանա-թուրքական կոֆեդերացիա ստեղծելու ուղղությամբ։

XS
SM
MD
LG