«Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը մնում է անփոփոխ․ Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակեց խափանման միջոց ընտրված կալանավորման դեմ որոշումը:
Նրա պաշտպաններն էին դիմել վերաքննիչ՝ խնդրելով բեկանել կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի՝ երկու շաբաթ առաջ կայացրած որոշումը։
«Վերքննիչ քրեական դատարանը, Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժեց մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։ Մերժեց՝ բավականին դողդողացող ձայնով։ Ամեն ինչ ընկալելի է, հասկանալի է, բայց իրավաչափ չէ։ Բոլոր ասպեկտներով կարելի է այս ամեն ինչը հասկանալ՝ ճնշումներ, դատավորների նկատմամբ նոր որակի մոտեցումներ, բայց դրանցից յուրաքանչյուրը կապ չունի իրավունքի հետ։ Մենք եկել էինք վերաքննիչ դատարան՝ արդարադատության առիթով», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանն՝ ընդգծելով․ - «Ցավոք սրտի, ունեցանք հերթական անգամ քաղաքական հետապնդման ագրեսիվ դրսևորման դեպքով կալանավորման ֆետիշացումը։ Ես ցավում եմ դրա համար, մյուս կողմից էլ ինչքան էլ ճնշումները կատարեն, ապօրինությունները շարունակվեն, վստահ եղեք, Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ, դրանում երկրորդ կարծիք չկա։ Կարճ ժամանակ անց կհանդիպենք Առաջին ատյանի դատարանում»։
Չարչյանը մեղադրվում է հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքը տարածեց «Իզմիրլյան»-ի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահները որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենի փաստաբանների պնդմամբ՝ նրա նկատմամբ իրականացվում է բացառապես քաղաքական հետապնդում։
Նշենք, որ հունիսի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը Չարչյանին կալանավորելու մասին։
Կալանավորման որոշումից հետո 61-ամյա Չարչյանի ինքնազգացողությունը վատացավ, նրան տեղափոխեցին «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ շաքարային դիաբետ ունեցող և սրտի վիրահատություն տարած բժշկին վիրահատեցին։