Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ազնիվ չէ, երբ ասում է՝ 2018-ին ուզում էր դառնալ վարչապետ, որ լուծեր Արցախի հարցը. Ռուբեն Ռուբինյան


Ազգային ժողովի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը զարմանում է, որ իրենց են մեղադրում վառոդի տակառը պայթեցնելու՝ պատերազմ սկսելու համար։

«Փաստ է, որ վառոդի տակառը պայթեցրեց Ադրբեջանը՝ Իլհամ Ալիևը։

Ես կուզեմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները, այդ թվում՝ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձինք հասկանան, որ ընդհանրապես պետական գործչին վայել չէ թշնամու մեղքը բարդել սեփական երկրի վրա», - ասում է Ռուբինյանը։

Ընտրություններից երկու շաբաթ անց Սերժ Սարգսյանը Sputnik.Armenia լրատվամիջոցում հոդված է հրապարակել՝ Փաշինյանի իշխանությանը մեղադրելով ղարաբաղյան կարգավորման բանակցությունները տապալելու, պատերազմի ճանապարհով գնալու համար։

«2018-ին Երևանի և այլ քաղաքների փողոցներում զանգվածային բողոքի ցույցերը, որոնք խրախուսվում էին ինչպես ներսից, այնպես էլ դրսից, Հայաստանում իշխանության բերեցին մարդկանց, որոնք իրենց անխոհեմ և անպատասխանատու գործողություններով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականորեն բարդ տարածաշրջանում գործարկեցին վառոդի տակառի ժամանակաչափը. տակառը պայթեցվեց 2020 թվականի սեպտեմբերին», - գրել է Հայաստանի երրորդ նախագահը։

Սերժ Սարգսյանը վերստին շեշտել է, որ 2018-ին բարդ որոշում էր կայացրել՝ մնալ իշխանության ղեկին՝ վարչապետի կարգավիճակով և ընթացող բանակցային գործընթացը հասցնել «արժանապատիվ հանգուցալուծման»՝ պատրաստ լինելով իր վրա վերցնելու պատմական պատասխանատվություն։ Ըստ Սարգսյանի՝ 2018-ի գարնանը կային բոլոր նախադրյալները. կար համանախագահների հետ փոխըմբռնում, համանախագահների հովանու ներքո մշակված փաստաթղթեր, որոնք ճանապարհ էին հարթում դեպի ողջամիտ և արժանապատիվ փոխզիջում։

Սերժ Սարգսյանի խոսքերն արժանահավատ չեն, հակադարձում է իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը. «Ա) Սերժ Սարգսյանը ազնիվ չէ, որ նա 2018 թվականին ցանկանում էր դառնալ վարչապետ, որպեսզի գնար լուծման այդ ճանապարհով, և Բ) Ադրբեջանն ինչպես համաձայն չէր Կազանյան փաստաթղթին, ինչպես համաձայն չէր հետագայում ավելի վատ տարբերակի մեզ համար, նույնիսկ դրան համաձայն չէր, այնպես էլ ցանկացած տարբերակի, որը չէր ներառում Արցախի իրենց կազմում ընդգրկումը»։

Հայաստանի նախկին ղեկավարն անդրադարձել է 2018 թվականին ու դրանից առաջ բանակցային գործընթացներին։ Որպես իր վարած բանակցության հայանպաստ լուծում հիշատակել է այդպես էլ իրականություն չդարձած Կազանյան փաստաթուղթը, որը կարող էր կոնսենսուսային դառնալ թե՛ կողմերի, թե՛ երեք առաջատար տերությունների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների համանախագահների համար: Վերջին պահին Ադրբեջանի ղեկավարն է հրաժարվել ստորագրել համաձայնագիրը, և չնայած դրան համանախագահ երկրները և հատկապես Ռուսաստանը շարունակում էին լուծումներ գտնելուն միտված ակտիվ աշխատանքը կողմերի հետ:

2011 թվականից մինչև 2018-ը շարունակվում էին ինտենսիվ բանակցությունները, և այդուհանդերձ, Կազանյան փաստաթղթում առկա բոլոր տարրերը, որոնք վերաբերում էին վերջնական կարգավիճակին, միջանկյալ կարգավիճակին, անվտանգության երաշխիքներին, միջանցքին և այլ դրույթներին, չնայած ադրբեջանական կողմի դժգոհությանը, միջազգային միջնորդների պնդմամբ, մնում էին բանակցային գործընթացի կենտրոնում։

«2018 թվականի դեկտեմբերին՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, նոր իշխանությունները գնացին անհավատալի արկածախնդրության՝ երկրորդ պլան մղելով վերոհիշյալ երեք սկզբունքները և համաձայնելով լուծել հակամարտությունը վերացական «արդարության սկզբունքի» հիմքով, ինչով փաստացի խաչ քաշեցին 2000-ականների սկզբից տարվող ամբողջ դիվանագիտական աշխատանքների վրա»։

Ադրբեջանն էր տապալում բանակցությունները և չէր համաձայնում լուծումներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հիշատակած Կազանյան փաստաթղթին, որը, ինչպես խոստովանել է Սարգսյանը, հայկական կողմի համար «երազանքի լուծում չէր», ասում է Ռուբինյանը. «Ադրբեջանը մեզ համար ոչ լավագույն տարբերակին չի համաձայնել, 2016 թվականի աշնանը, իսկ իրականում մի քիչ ավելի շուտ, բայց ըստ Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականի աշնանը, ի հայտ է եկել տարբերակ, որի մեջ նույնիսկ հանրաքվեի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեի հարցի անսահմանափակության հարցն էր հանված, այսինքն՝ կար տարբերակ, որը Կազանյանից էլ ավելի վատն էր։ Ի դեպ, սա Սերժ Սարգսյանը չի ասել, բայց այդ տարբերակում միջանկյալ կարգավիճակ էլ չկար։ Դրան նույնպես Ադրբեջանը չի համաձայնվել։ Ինչո՞ւ եմ ես ասում, որ չի համաձայնվել, որովհետև եթե համաձայնված լիներ, 2018 թվականին Սերժ Սարգսյանը չէր ասի, որ բանակցությունները փակուղում են, և որ Ադրբեջանն ունի անիրատեսական սպասումներ»։

Սերժ Սարգսյանը 2018 թվականին Ազգային ժողովում իր ընտրվելու օրն է խոստովանել, որ բանակցությունները փակուղում են, ու Ադրբեջանի սպասումներն անիրատեսական են, արձագանքում է Փաշինյանի թիմակիցը. «Ընդ որում փակուղում են, որովհետև Ադրբեջանը ոչ իրատեսական սպասելիքներ ունի, և երկրորդը, որ երբեք մենք չպետք է հույս ունենանք, որ իրենք կառուցողական կլինեն, և որ մեծ հաշվով մենք պիտի պատրաստվենք հնարավոր պատերազմի»։

Հայաստանի նախկին ղեկավարը գրել է, թե Ադրբեջանը, Կազանից հետո ձախողվելով դիվանագիտական ճակատում, գնաց հակամարտության գոտում լարվածության սրման։ 2016-ի ապրիլյան պատերազմն էլ չմոտեցրեց Ադրբեջանին իր նպատակին։ Բաքուն իր ուզածը ստացավ միայն Փաշինյանի իշխանության գալուց հետո։

«Այն պնդումը, որ օրինակ՝ մենք բանակցային գործընթաց ենք վիժեցրել, ինքը՝ 2018 թվականի Սերժ Սարգսյանն ապացուցում է, որ սին է», - ասում է Ռուբինյանը։

44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո Փաշինյանը պատերազմի բռնկման պատճառների համար մեղադրել է նախկին իշխանություններին՝ պնդելով, թե բանակցային ծանր ժառանգություն է ստացել նրանցից, և հարցը հասել էր «կարմիր գծերին»։ Փաշինյանը իշխանության գալուց ամիսներ անց հայտարարեց, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները սկսել է ոչ թե Սերժ Սարգսյանի կանգ առած կետից, այլ իր սեփական կետից։ Ընդդիմադիրների մեղադրանքները, որ փաշինյանի սեփական կետը հասցրեց պատերազմին, Ռուբեն Ռուբինյանը պարզաբանում է՝ սեփական կետը չի նշանակում, որ հրաժարվել է նախկինների բանակցային ժառանգությունից. «Սեփական կետից սկսելը չի նշանակում, որ բանակցային գործընթացը զրոյացվել է և սկսվել է նորից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG