Եվրամիության անդամ 3 երկրների արտգործնախարարներն այսօր Թբիլիսիում ամփոփելով տարածաշրջանային աննախադեպ այցը կարևորեցին ղարաբաղյան պատերազմի հետևանքով գերեվարված անձանց ազատ արձակումը և ականապատման քարտեզների հանձնումը։
Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսում Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն իր խոսքը սկսեց հայաստանյան արտահերթ ընտրությունների արդյունքները գնահատելով։
«Հայաստանում մենք շնորհավորեցինք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին նախորդ կիրակի տեղի ունեցած ընտրություններին իր ղեկավարած քաղաքական ուժի գրանցած հաղթանակի կապակցությամբ։ Ինչպես նաև լավ կազմակերպված ժողովրդավարական ընտրությունների համար, այդ փաստը ընդգծել էին նաև միջազգային դիտորդները։ Անձամբ ես կարևորեցի երկրի ժողովրդավարացմանն ուղղված բարեփոխումների գործընթացի շարունակականությունը և հույս հայտնեցի, որ այն Հայաստանի համար պետք է դառնա նոր ռազմավարական առաջնահերթություն։
Հաշվի առնելով նախորդ տարվա ռազմական գործողությունները մենք Հայաստանում և Ադրբեջանում խորքային քննարկումներ ենք ունեցել ներկա վիճակի և առաջիկա անելիքների վերաբերյալ։ Մենք կոչ արեցինք գործել կառուցողական ոգով, վերակառուցել վստահությունը։ Վստահության կառուցման մի մաս է բոլոր գերիների ազատ արձակումը, ականապատված բոլոր տարածքների քարտեզների հանձնումը, և դրանք շարունակում են առաջնահերթություն մնալ: ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել բոլոր հարցերում, որոնք կարող են հանգեցնել խնդիրների բանակցային, կայուն և տևական կարգավորմանը: Ես ընդգծեցի երկու հասարակությունների միջև հաշտեցման կարևորությունը, այս գործընթացը երկար ժամանակ ու ջանքեր է պահանջում, սակայն այլընտրանք չունի», - հայտարարեց Ռումինիայի ԱԳ նախարարը:
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի լիազորությամբ՝ Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն ու Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն տարածաշրջանային այցը սկսել էին Բաքվից, ապա այցելել Երևան և վերջում Թբիլիսի։
Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներին Երևանում ընդունել էին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը։
Նման աննախադեպ այցը Եվամիության կողմից հստակ ազդակ է, որ մենք չենք թողնելու տարածաշրջանը այլ խաղացողների, տարածաշրջանային այցի մեկնարկին Բուխարեստի օդանավակայանում հրավիրված ասուլիսին հնչեցրած այս միտքը այցի ավարտին վերահաստատեց Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալլենբերգը։ Խոսեց նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հանդիպումների մասին ու հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով առաջացած վերքերը դեռ բաց են:
«Վստահությունն ամենապահանջված ռեսուրսն է, որի կարիքն ունի տարածաշրջանը և որի պակասը կա: Մեր նպատակն է ցանել այդ վստահության առաջին սերմերը: Գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով առաջացած վերքերը դեռ բաց են, սակայն մենք կարիք ունենք ապաքինման գործընթացի: Այս այցից հասկացանք, որ կողմերը գիտակցում են նման գործընթացի անհրաժեշտությունը, և նրանք կարիք ունեն գործընկերների այդ գործընթացը սկսելու համար: Եվրամիությունը պատրաստակամ է հնարավոր ամեն ձևով աջակցություն ցուցաբերել։ Այս համատեքստում ցանկանում եմ բարձր գնահատել Վրաստանի դերը, որի վարչապետի միջնորդությամբ հնարավոր դարձավ Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումն ու Հայաստանի կողմից ականապատված տարածքների քարտեզների հանձնումը», - նշել է Շալլենբերգը:
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հույս հայտնեց, որ նաև Եվրամիության միջնորդությամբ իրականացված գերիների վերադարձը և ականապատված տարածքների քարտեզների՝ Ադրբեջանին տրամադրումը կարող է շարունակական լինել։
Որպես ԵՄ անդամ երեք երկների տարածաշրջանային այցի նպատակ հայտարարվել է հարավկովկասյան երկրների հետ Բրյուսելի հարաբերությունների խորացումն ու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստումը, որը նախատեսված է անցկացնել այս տարվա դեկտեմբերին։