Չորեքշաբթի օրը Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցություններ, կողմերը քննարկել են դեէսկալացիայի ուղիներ: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով մի քանի աղբյուր:
«Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի ունեցան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցություններ, որոնց ընթացքում նրանք քննարկեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում իրավիճակը հանգուցալուծելու ուղիներ: Պայմանավորվեցին շարունակել աշխատանքային շփումները», - ասել է ՏԱՍՍ-ի աղբյուրներից մեկը:
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է մայիսի 12-ից, երբ պաշտոնական Երևանը հաղորդեց ադրբեջանական զինուժի՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում մի քանի ուղղությամբ Հայաստանի տարածք ներխուժելու մասին: Պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, մոտ մեկ շաբաթ առաջ հրաձգության հետևանքով զոհվել է հայ զինծառայող, մայիսի 27-ին էլ ադրբեջանցիները գերեվարել են 6 հայ զինծառայողների:
Սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Ռուսաստանի նախագահին ռազմական օգնության համար:
Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:
Մայիսի 27-ին Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առաջարկ ներկայացրեց՝ սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի զինված ուժերի հետքաշում և Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող դիտորդների տեղակայում: