Լոռու մարզի Ջրաշեն գյուղի ամբուլատորիայում մեկ օրում կորոնավիրուսի դեմ 6 պատվաստում արեցին։ Ջրաշենն ու հարակից երկու գյուղերն սպասարկող բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արտավազդ Թոսունյանը սա նորմալ ցուցանիշ է համարում՝ հաշվի առնելով, որ գյուղի բնակիչներին մեծ ջանքերի գնով են համոզում պատվաստվել։ Իրենց սպասարկման տակ եղած երեք գյուղերի պատվաստման ենթակա 4500 բնակիչներից դեռևս միայն 69-ն են կորոնավիրուսից պաշտպանվել։
«Լինում են դեպքեր, որ ստացվում է համոզել, բայց կան մարդիկ, որոնք կատեգորիկ կերպով հրաժարվում են, որոշները մի քիչ զգուշավոր են, երևի ասում են` սպասենք մեկ-երկու ամիս, տեսնենք` ոնց է, ոնց չի», - ասում է նա:
Այսօր պատվաստանյութի երկրորդ դեղաչափն ստացող բնակիչներ էին։ Բոլորը վստահեցնում էին, որ իրենց լավ են զգում, որևէ խնդիր չեն ունեցել. «Շատ լավ, ոչ մի բողոք չենք ունեցել, սա էլ երկրորդն է»:
Մարզի մի քանի գյուղերում մեր հարցումները ցույց տվեցին, որ շատերը դեռ կարծում են, թե մահացու վիրուսից իրենց կարող են պաշտպանել մաքուր օդը, անարատ սնունդն ու մրգի օղին։ Բլագոդարնոյե գյուղի բնակիչները պատվաստումն անիմաստ բան են համարում։ Ոչ մի դեպքում այդ նպատակով գյուղի բուժկետ ոտք չենք դնի, ասում են. «Էդ էր պակաս գնամ: Այ բալամ, ով ուզում է, թող գնա, ես չեմ գնա, ես չեմ ուզում, ես առողջ մարդ եմ»:
«Կաթ եմ խնում անարատ, պանիր անարատ, կարագ անարատ, մեղր անարատ, սաղ տնական որ ուտում ես, բան չի եղնի», - ասում են նրանք:
Մինչդեռ նույն գյուղի բնակիչ Սեդա Իգիթյանը պատվաստանյութն իրենց գյուղ հասնելուն պես, իր կամքով գնացել, դիմել է, պատվաստվել ու ասում է՝ իրեն հրաշալի է զգում։ Իր հետ պատվաստման գնացած համագյուղացիների հետ կատակել են չիպավորման, այլմոլորակային դառնալու ու պատվաստումից մեռնելու հայտնի թեզերի շուրջ։ Բայց ասում է՝ արտառոց սովորույթներ ձեռք չի բերել, առողջականն էլ տեղն է. «Խնդացինք, ելանք, եկանք տուն: Աստված տա մյուս տարի ավելի լավ ապրինք»:
Մի քիչ հեռու` Լեռնավան գյուղում էլ կարծիքները տարբեր են։ Գյուղամիջում հավաքված տարեցները թե՝ պատվաստանյութի փոխարեն վիրուսից պաշտպանվելու ավելի փորձված մեթոդներ ունեն. «Չեմ ուզե, որովհետև հլը փորձված բան չի, թող բոլորը պատվաստվեն: Եթե իմանանք, որ մարդուն վնաս չի, մարմնին վնաս չի, կպատվաստվենք»:
«Արաղս որ տեղը եղավ, կորոնավիրուսը ինձ համար հեչ բան է», - ասում են տեղացիները:
Ժաննա Այվազյանը նույն գյուղի համայնքապետի օգնականն է։ Համագյուղացիներին հակադարձում է՝ ինքը Ջրաշենի ամբուլատորիայում պատվաստվել է ու առանց անհանգստությունների է ապրում. «Անկեղծ ասած` պատվաստումից հետո ես հիմա ավելի առույգ եմ զգում ինձ, ավելի ակտիվ եմ: Չգիտեմ` պատվաստանյութն է օգնել, իմունիտետս ավելի ակտիվացել է: Լավ եմ զգում, խորհուրդ կտամ բոլորին` ժողովուրդ ջան, պատվաստվեք, որ այս վիճակից մեր երկիրը դուրս գա»:
Ջրաշենի ամբուլատորիայում 69 պատվաստվածների մեծ մասը՝ 45-ը, նախընտրել է չինական «Կորոնավակը», 18-ը՝ «Սպուտնիկ ՎԻ-»-ն, ամենաքիչ թվով` ընդամենը 6 մարդ պատվաստվել է եվրոպական «Աստրազենեկայով». «Մենակ «Աստրազենեկա» չեն ուզում, «Սպուտնիկ» էլ են ուզում, «Կորոնավակ» էլ են ուզում»:
6200 բնակիչ ունեցող գյուղախմբում մինչ օրս 100-ից ավելի քովիդով հիվանդացության դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է հիվանդանոցային պայմաններում։ Այս պահին Ջրաշենում ու հարակից երկու գյուղերում քովիդով հիվանդներ չկան, ասում է ամբուլատորիայի տնօրեն Արտավազդ Թոսունյանը. «Այս հակապատվաստումային արշավները ավելի մեծ ազդեցություն կարող են ունենալ մարդկանց վրա, քան մեր այդքան մեծ աշխատանքը»: