Մատչելիության հղումներ

Շուտով ադրբեջանական կողմը չի օգտվի Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից. Արցախի պետնախարար


Կամիր Շուկա-Շուշի ճանապարհից շուտով ադրբեջական կողմը չի օգտվելու, այսօր իր ֆեյսբուքյան էջում հեռարձակվող ասուլիսում հայտարարել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ աշխատանքեր են տարվում ճանապարհների անվտանգությունն ապահովելու համար։

«Այո, որոշակի լկտի վարք լինում է ադրբեջանական կողմից, այդ թվում ճանապարհներով անցնելիս։ Բայց նշեմ, և այս մասին երեկ Ազգային ժողովում նախագահն էլ հայտարարեց, որ Կարմիր-Շուշի ճանապարհից մի քանի ամսվա ընթացքում ադրբեջանական կողմը այլևս ընդհանրապես չի օգտվելու», նշեց Բեգլարյանը։

Հարցին անդրադարձել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը. - «Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհով ադրբեջանցիներն արդեն օգոստոս-սեպտեմբերին էլ չեն երթևեկելու։ Էդ ճանապարհը մենք վերանորոգելու ենք»։
Այս հայտարարության վերաբերյալ Արցախի նախագահի մամուլի խոսնակը հավելյալ տեղեկատվություն չփոխանցեց, ասաց միայն, որ ադրբեջանցիներն այժմ դեպի Շուշի տանող նոր ճանապարհ են կառուցում։

Նշենք, որ վերջերս պարբերաբար միջադեպեր էին արձանագրվում Կարմիր Շուկա -Շուշի ճանապարհին. ադրբեջանցիները քարկոծել էին հայերի ավտոմեքենաները, մեկ այլ դեպքում կրակոցներ էին արձակել։

Պետնախարարի պաշտոնում մեկ ամիսը ամփոփող Բեգլարյանը նաև սոցիալական խնդիրներին անդրադարձավ։ Նրա խոսքով, Արցախում արտագաղթը կանխելու երկու հիմնական քայլ կա՝ կայուն անվտանգության երկարաժամկետ ապահովումն ու բնակարանային խնդրի՝ հնարավորինս արագ ու արդյունավետ լուծումը։

Ասաց՝ հարցեր են հնչում, թե ինչ է լինելու 4,5 տարի հետո, երբ ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում գտնվելու ժամկետն ավարտվի։ Բեգլարյանը կարծում է, որ խաղաղապահների ներկայությունը 5 տարով չի սահմանափակվում. - «Ես համոզված եմ, երկար ժամանակ մենք ունենալու ենք այստեղ ռուս խաղաղապահներ, որոնք երաշխավորելու են մեր անվտանգությունը։ Իհարկե մեր Պաշտպանության բանակը, մեր Զինված ուժերն էլ իրենք իրենց մասով երաշխավորում են և ժամանակի ընթացքում, կարծում եմ, շատ ավելի արդյունավետորեն են երաշխավորելու. Բայց մեր օրակարգը խաղաղ, բանակցային քաղաքական գործընթացով մեր անվտանգության երաշխավորումն է, որին, հուսանք, Ադրբեջանը պատրաստ կլինի»։

«Կարո՞ղ ենք վստահ ասել, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմի մեջ»։ Օգտատերերից մեկի այս հարցին պետնախարարը պատասխանեց, թե որևէ մեկը՝ Արցախի իշխանությունները, ժողովուրդը չեն ընդունելու, որ որևէ ձևով Արցախը մտնի Ադրբեջանի կազմ. - «Իհարկե, մեր պայմանները շատ ավելի դժվար են, շատ ավելի ծանր են, քան նախապատերազմյան շրջանում, բայց դա չի նշանակում, որ մենք հնարավորություն չունենք պայքարելու։ Մեր ճանապարհը հիմա ավելի երկար է մեզ թվում, բայց մյուս կողմից, մենք ունենք լրացուցիչ հնարավորություններ, այդ թվում արտաքին քաղաքական հնարավորություններ մեր ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը շատ ավելի ընդգծված կերպով կազմակերպելու։ Գոնե փաստարկներ առումով, սա ընկալելի է միջազգային հանրությանը, որովհետև հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներից երկուսը արդեն ժամանակավրեպ են։ Այսինքն՝ տարածքային ամբողջականության սկզբունքը և ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման արդեն ժամանակավրեպ են պատերազմի հետևանքով։ Մնացել է մեր ինքնորոշման իրավունքի ճանաչման սկզբունքը, և սա միջազգային հանրությունը և Մինսկի խումբը շատ լավ գիտակցում են։ Դրա համար մենք այս ուղղությամբ մեր պայքարը շարունակում ենք։ Իհարկե պետք է Հայաստանի Հանրապետությունն էլ այս մասով գործուն ջանքեր գործադրի»։

Արցախում անվտանգությունից հետո երկրորդ առանցքային խնդիրը, ըստ Բեգլարյանի, բնակարանայինն է։ Առաջիկա շաբաթների ընթացքում կհրապարակեն, թե ըստ առաջնահերթության ում ինչ ժամանակահատվածում կապահովվեն բնակարանով, իսկ 5 տարվա ընթացքում նախատեսում են բոլորին ապահովել բնակարանով։

Ըստ Արցախի իշխանությունների, պատերազմի հետևանքով ավելի քան 7000 շենք-շինություն է վնասվել, որից 4000-ում արդեն սկսվել կամ ավարտվել են վերականգնողական աշխատանքները։ Պաշտոնական տվյալներով՝ շուրջ 9000 տեղահանված ընտանիք բնակարանի է սպասում։

XS
SM
MD
LG