Մատչելիության հղումներ

Կարմիր Շուկա -Շուշի ճանապարհին ադրբեջանցիները քարկոծել են հայերի ավտոմեքենաները


Ադրբեջանցիները երեկ քարեր են նետել Մարտունու շրջանի Մսմնա գյուղի հայրական տնից Ստեփանակերտ վերադարձող Լենդրուշ Բաբայանի մեքենայի ուղղությամբ, վնասել նրա «ՎԱԶ 2107» մեքենայի դիմապակին։

«Իմ առաջին մի հատ «Նիվա» կար, «Նիվային խփեցին, չկպավ, հետո ես էի գալիս հետևից, ինձ խփին, կպավ մեքենայի դեմի ապակուն։ Մեկընդմեջ ավտոների մեջ զինվորներ էին «Կամազի» կուզովում», - պատմում է Բաբայանը։

Միջադեպը տեղի է ունեցել Սարուշեն - Կարմիր Գյուղ ճանապարհին։ Ադրբեջանցիները Կարմիր Շուկայից դեպի Շուշի գնում են այս հատվածով՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Ճանապարհը հայկական վերահսկողության տակ է։

Վնասված մեքենայի տերը մեկ այլ վարորդի հետ ադրբեջանցիների ճամփան փակել է, կանգնեցրել շարասյունն ու բացատրություն պահանջել․ - «Իջալ են ռուսի պատասխանատուները, մեկ էլ իրանց գեներալը, իջալ են, նկարեցին, բան, հետո քշեցին-գնացին։ Վնաս տալու պատճառ ա, էնքան որ վնաս տան»։

Արցախի ներքին գործերի նախարարության մամլո խոսնակ Հունան Թադևոսյանի տեղեկացմամբ, ռուս ուղեկցողները ներողություն են խնդրել, նշել են, որ վնասը կփոխհատուցվի ու այսպիսի բան էլ չի կրկնվի։

«Մեքենայի լուսանկարները, նաև ռուսերեն թարգմանությամբ բացատրությունը ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը փոխանցել է գեներալ Մուրադովին: Խաղաղապահ զորակազմն այս հարցով արդեն զբաղվում է: Խնդիրը ոչ միայն վնասի փոխհատուցումն է, այլև այսուհետ նմանօրինակ դեպքերի բացառումը», -ասաց Թադևոսյանը:

Պատերազմից հետո Կարմիր Շուկա - Շուշի ճանապարհը ամենատարբեր քննարկումների, չհաստատվող լուրերի առանցքում էր՝ թե ճանապարհը հանձնվելու է Ադրբեջանին։ Ադրբեջանն այժմ սրան զուգահեռ դեպի Շուշի ճանապարհի շինարարություն է սկսել, սակայն Կարմիր Շուկայով ճանապարհն ավելի հարմար է դեպի Ֆիզուլի կապը պահելու համար։

Ստրասբուրգի դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը նշում էր, որ ադրբեջանական կողմը գերիների վերադարձի երեք նախապայման է դնում ՝ հայկական զորքերի դուրս բերում արցախից, Տիգրանաշենի՝ Քյարքիի հանձնում և մյուսն էլ Կարմիր Շուկա -Շուշի ճանապարհից հրաժարվելն է։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասում է, թե որևէ այլ հարցի հետ գերիների հարցը չի կարող կապակցվել․ - «Ոչ, այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Անկեղծ ասած, էս տեղեկատվության աղբյուրները ինձ համար նույնպես անհասկանալի են և բացահայտված չեն»։

Հետպատերազմական փուլում այնուամենայնիվ Կարմիր Շուկա գյուղի հանձնման հարց քննարկվել է, ճանապարհն այս գյուղով է անցնու։ Այս ամսվա սկզբին գյուղ այցելած արցախի նախագահն է խոսել այս մասին․ - «Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ արել են, որ մենք հանձնենք Կարմիր Շուկան։ Բայց ասել ենք՝ դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում ա»։

Կարմիր Շուկայի գյուղապետ Նարեկ Աթայանը հույս ունի, որ բոլոր հավաստիացումները ուժի մեջ կմնան, և որ ադրբեջանցիների երթևեկը ժամանակավոր է։ Հատկապես որ նրանք, ըստ Աթայանի, իրենց լավ չեն պահում նաև գյուղի ներսում՝ վիրավորական ժեստեր են անում և հեռախոսով նկարում։

Կարմիր Շուկայում այժմ 235 ընտանիք է ապրում;ժ։ Համայնքապետն ասում է, որ պատերազմը ավերել է գյուղը, բայց բնակիչների շուրջ 80 տոկոսը արդեն վերադարձել է, դպրոցը գործում է, գյուղում բնակելիների կառուցման ծրագրեր կան։ Խնդիրը գյուղի գլխավոր փողոցով ադրբեջանական շարասյունների շարժն է։ Գյուղի երեք կողմերում էլ նրանք են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG