Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը մտադիր է խորհրդարան չանցած ուժերին մեկտեղել մեկ հարթակում, որ նրանց քննադատությունն ու առաջարկները լսելի լինեն։ Այդ հարթակը Սերժ Սարգսյանի ստեղծած Հանրային խորհրդի պես մի բան է՞ լինելու, թե՞ տարբերվելու է և ի՞նչով։ Փաշինյանն էլ դեռ չի պատկերացնում, ասում է նրա հետ հանդիպած «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը. «Խորապես համոզված եմ, որ դա ապագա չունեցող ձևաչափ է համագործակցության»:
Արման Բաբաջանյանը մերժում է Փաշինյանի այդ առաջարկը։ Իրեն չի պատկերացնում տարբեր գաղափարախոսություն ունեցող ուժերի հետ մեկ հարթակում։ Դա ոչինչ չի տալու, ասում է։ Առաջարկում է, որ գաղափարական ընդհանրություն ունեցող քաղաքական ուժերը միավորվեն, օրինակ` «Հանրապետություն», «Քաղաքացու որոշում», «Ինքնիշխան Հայաստան», «Արդար Հայաստան» կուսակցությունները և պաշտպանեն ժողովրդավարությունը խորհրդարան անցած ընդդիմությունից։
«Մենք խորհրդարանում ունենք ոչ դե դասական իմաստով ընդդիմություն, այլ Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող քաղաքական հանցագործների, բանդիտների, մաֆիոզների խմբավորումներ են դրանք», - նշում է Բաբաջանյանը:
Նորընտիր խորհրդարանի ընդդիմությունն ամբողջական իշխանության համար պայքարը շարունակելու է, իսկ մի քանի ամիս անց համայնքապետերի ընտրություններն են։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմությունն, ըստ Բաբաջանյանի, իշխանության հասնելու համար ոչ մի ճանապարհ չի շրջանցի։ Ասում է՝ իր նշած ուժերի միասնությունը չպետք է թույլ տա, որ ընդդիմությունը սփռվի համայնքներում. «Ռոբերտ Քոչարյանը և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը և նրա ներկայությունը խորհրդարանում, և նրա ղեկավարած դաշինքի ներկայությունը խորհրդարանում Հայաստանի համար ազգային անվտանգության սպառնալիք է, մենք պիտի այդ հասունությունն, այդ գիտակցումն ունենանք, որպեսզի համատեղ ջանքերով կարողանանք արձագանքել այդ մարտահրավերին»:
«Քաղաքացու որոշումը» միասնաբար պայքարելու առաջարկ դեռ չի ստացել Բաբաջանյանից։ Իսկ Փաշինյանի` արտախորհրդարանական ուժերի միասնական հարթակի գաղափարը մերժել է, ասում է կուսակցության ղեկավար-անդամ Սուրեն Սահակյանը. «Կուսակցության դիրքորոշում չեմ կարող ներկայացնել հիմա, բայց ես ասում եմ, որ այն բոլոր դեպքերում ես անձամբ, որտեղ որևէ համագործակցություն` կապ չունի կառավարող ուժի հետ, որևէ այլ ուժի հետ, կբերի երկրի համար ավելի լավ պայմաններ, քան կա, քան այս ճգնաժամից դուրս գալու որևէ հնարավորություններ տեսնենք, իմ դիրքորոշումը կլինի կուսակցությունում, որ մենք գնանք դրան»:
Իսկ թե իրենք որ ճակատում կլինեն՝ իշխանական, թե ընդդիմադիր, կուսակցությունում դեռ քննարկում են, վերջնական որոշում չունեն. «Թե ոնց կդիրքավորվենք այսուհետ, ոնց կմասնակցենք, ոնց ենք պատկերացնում մեր քաղաքական ապագան, այդ հարցերը քննարկվում են կուսակցությունում»:
Քանի դեռ չի ստեղծվել Փաշինյանի արտախորհրդարանական ուժերի հարթակը, «Լուսավոր Հայաստանը» չի հրապարակի դիրքորոշումը։ Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ է հանդիպել Փաշինյանի հետ, բայց ասում է՝ կստեղծեն, կտեսնենք, նոր կխոսենք։ Քաղաքական դաշտում լուրջ դերակատար են լինելու և շարունակելու են մասնակցել բոլոր գործընթացներին։ Միջազգային կառույցներում կապեր ունեն. ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի բավականին լուրջ խողովակներ Եվրոպական միությունում, Եվրոպայի խորհրդում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում, առանձին վերցրած ֆրանսիական պառլամենտում և ֆրանսիական տեղական ինքնակառավարման նաև մարմիններում: Մեր բոլոր կոնտակտները, ունեցած կապերը օգտագործվելու են ի շահ և ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերը սպասարկելուն: Ընդհանրապես կապ չունի` մենք խորհրդարանում ենք, թե խորհրդարանից դուրս»:
Տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունները «Լուսավորի» օրակարգում էլ կան։ Այն համայնքներում կմասնակցեն, որտեղ կուսակցություն ունի մրցակցային թեկնածուներ։
Իշխանական ճակատում դիրքավորվելու հստակ դիրքորոշում ունի Արման Բաբաջանյանը։ Երկում ստեղծված իրավիճակը թելադրում է ոչ ստանդարտ լուծումներ, ասում է։ Իր գլխավոր առաքելությունն է համարում ժողովրդավարության պաշտպանությունը և դա ոչ թե լծակներ ունեցող իշխանությունից, այլ խորհրդարան անցած ընդդիմությունից. «Այս երկու քաղաքական միավորները խորհրդարանում, նրանց ներկայությունը սպառնալիք է Հայաստանի ժողովրդավարական ապագային, հետևաբար մենք մեր գործունեությունը կառուցելու ենք այս տրամաբանությամբ»:
Ոչ ստանդարտ լուծման մի գաղափար էլ ունի, արդեն էլ սկսել է քննարկումներն իշխանության հետ։ Կարծում է, որ իր պատկերացրած արրտախորհրդարանական հարթակը պետք է ձայն ունենա քաղաքական թիվ մեկ ամբիոնում։ Բայց ինչպե՞ս ունենա, եթե իր նշած ուժերից ոչ մեկը չի ստացել վստահության քվե։ Բաբաջանյանը լուծումը գտել է՝ իշխող խմբակցությունից մի պատգամավոր պետք է ստանձնի այդ առաքելությունը. «Եվ այդ անձը հանդես կգա հայտարարություններով դեմոկրատական ուժերի անունից, և մենք ամեն անգամ, քանի որ խորհրդարանում գտնվող ուժերը հակաբարեփոխականներ են, մենք պիտի մեր բարեփոխումների օրակարգը մշտապես թարմ պահենք, մշտապես արթուն պահենք և ստիպենք, որպեսզի իշխանությունը երբեք ու երբեք իր գործողություններում, բարեփոխումների գնալու իր հանձնառության մեջ չտատամսի, չընկրկի»:
Նույնիսկ որոշել է, թե ով պետք է իր ձևակերպմամբ` ռևանշիստների դեմ պայքարող արտախորհրդրանական հարթակի ձայնը լինի։ Անունն առայժմ չի հրապարակում, իշխանությունն էլ դեռ վերջնական չի արձագանքել այս ոչ ստանդարտ լուծմանը։
Փաշինյանի պատկերացրած արտախորհրդարանական ուժերի հարթակի առաջարկին չեն արձագանքել խորհրդարան չանցած ուժերից Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանը» և «Ազգային ժողովրդավարական բևեռը»: