Մատչելիության հղումներ

«Ուզում եմ հավատալ, որ ընտրությունների արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է», - ասում է Փաշինյանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարում է կառավարության նիստը, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարում է կառավարության նիստը, արխիվ

Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար այլևս անառարկելի փաստ է, որ ինքը որոշիչ գործոն է Հայաստանի Հանրապետությունում, և ինքն է իսկապես որոշում իշխանության ճակատագիրը Հայաստանի Հանրապետությունում: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ՝ սա է բարեհաջող ավարտված խորհրդարանական ընտրություններից հետո ստացվող ամենակարևոր արձագանքը: «Դա կարևոր քաղաքական արձանագրում է, և ուրախ եմ, որ մենք, այս բարդ ճգնաժամի միջով անցնելով, ի վերջո, եզրափակում ենք և ամփոփում ենք այս արձանագրմամբ», - ընդգծեց Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ:

«Միջազգային դիտորդների, միջազգային հանրության և տեղական դիտորդների արձանագրումը միանշանակ է՝ որ ընտրություններն անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան: Մենք նոր ստանդարտ ենք, ըստ էության, սահմանել», - ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ շարունակելով.

«Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ 2018 թվականին, երբ տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և միջազգային հանրությունն աննախադեպ բարձր գնահատականների արժանացրեց այդ ընտրությունները, այն ժամանակ կար այսպիսի համատեքստ՝ ասում էին, որ ընտրությունների արդյունքներն ակնհայտ էին նախապես բոլորի համար, և գործող կառավարությունն, այսպես ասած, ընտրությունների արդյունքները կեղծելու անհրաժեշտություն չուներ:

2021 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները կանխատեսելի չէին, և բոլորը գիտեին, որ Երրորդ Հանրապետության պատմության թերևս ամենաանկանխատեսելի ընտրություններն են անցկացվում: Շատ կարևոր է, որ մենք արձանագրեցինք մեր քաղաքական կամքը և քաղաքական արժեհամակարգը, և, ինչպես մեր հանրությանը խոստացել էինք, ընտրությունների արդյունքների և ընտրողների ազատ կամքի արտահայտման անառարկելիությունը մեզ համար անկյունաքարային արժեք է»:

«Իհարկե, հարուցված են քրեական գործեր՝ ընտրակաշառքների, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու այլ դրսևորումների վերաբերյալ: Ես համոզված եմ, որ դրանք պատշաճ քննություն կստանան և համապատասխան ընթացք կստանան: Բայց ուզում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքների կեղծման էջն իսկապես անշրջելիորեն փակված է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


XS
SM
MD
LG