Մատչելիության հղումներ

Քոչարյանի համոզմամբ` ճգնաժամը չի կարգավորվել, հավանաբար 1.5 տարի հետո կլինեն նոր ընտրություններ


«Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքով` արտահերթ ընտրություններով երկրում ստեղծված ճգնաժամը չի կարգավորվել: Ավելին` նրա համոզմամբ` հավանաբար մեկուկես տարի հետո լինելու են նոր արտահերթ ընտրություններ:

«Չէր կարող կարգավորվել, քանի որ նույն թիմը, որը պատճառ է հանդիսացել ճգնաժամի, մնացել է իշխանության գլխին: Ըստ էության, այն, ինչի համար կազմակերպվել են այս արտահերթ ընտրությունները, այդ նպատակին չեն ծառայել: Նույն իշխանական թիմը մնացել է իշխանության գլխին, ուրեմն ճգնաժամի պատճառը չի հաղթահարվել», - այսօր դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց Քոչարյանը:

Ըստ նրա` պատերազմում պարտության, Շուշին ու Հադրութը կորցնելու, բազմաթիվ զոհեր ունենալու պատճառները բացահայտված չեն, և այս բոլոր հարցերի պատասխանների բացակայության դեպքում Հայաստանում հնարավոր չէ ապրել համերաշխ, ներքաղաքական կյանքի պայմաններում:

«Ըստ էության, մենք շարունակում ենք մնալ ճգնաժամի մեջ, և «Հայաստան» դաշինքն այն քաղաքական ուժն է, որը պայքարելու է այս ճգնաժամի վերջնական հաղթահարման համար», - հայտարարեց դաշինքի ղեկավարը` համոզմունք հայտնելով, որ այս իշխանությունները իրենց աշխատելաոճն ու կադրային բանկը չփոխելով` չեն կարող արդյունքի հասնել, իսկ դա բերելու է ևս մեկ արտահերթ ընտրությունների. «Իրենք չարացած են, շարունակելու են նոր հետապնդումներ, և համոզված եմ, որ դա պարտադիր բերելու է նոր արտահերթ ընտրությունների»:

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների` «Հայաստան» դաշինքը հունիսի 20-ին կայացած ընտրություններում ստացել է քվեների 21.9 տոկոսը, որը նրանց 29 մանդատ ունենալու հնարավորություն է տալիս:

XS
SM
MD
LG