Մատչելիության հղումներ

«Ուղիղ գիծ» ձևաչափով պատասխանելով հարցերին` Պուտինը հիմնականում խոսել է սոցիալական թեմաների մասին


Ռուսաստանի քաղաքներում մեծ էկրաններով հեռարձակել են «Ողիղ գիծը» Վլադիմիր Պուտինի հետ, Մոսկվա, 30 հունիսի, 2021թ.
Ռուսաստանի քաղաքներում մեծ էկրաններով հեռարձակել են «Ողիղ գիծը» Վլադիմիր Պուտինի հետ, Մոսկվա, 30 հունիսի, 2021թ.

«Ուղիղ գիծ» ձևաչափով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկու տասնամյակ շարունակ կազմակերպվող ավանդական շփումն այս տարի տեղի է ունեցել առանց լսարանի, ինչը պատճառաբանվում է կորոնավիրուսի համավարակի տարածումը զսպելու անհրաժեշտությամբ:

Հարցերը Դաշնության ղեկավարին 2021-ի «Ուղիղ գծի» համար փոխանցվել են տեսակապի, հեռախոսային տեքստային հաղորդագրությունների և հեռախոսազանգերի միջոցով: Պուտինն այսօր ավելի քան երկու միլիոն հարց ու խնդրանք է ստացել:

Ռուսաստանում վերջին շրջանում կորոնավիրուսի ախտահարումների և մահացության թվերն աճել են, և նախագահն «Ուղիղ գծի» առաջին հատվածում հենց համավարակի մասին է խոսել:

Նա հորդորել է բնակիչներին անպայման պատվաստվել, չհավատալ վիրուսի և համավարակի ծագման ու տարածման շուրջ գաղտնապաշտական թեզերին, անհեթեթ ասեկոսեներին և վստահել միայն մասնագետներին, ովքեր միանշանակ պնդում են, որ COVID-19 համավարակին վերջ տալու ճիշտ ուղին զանգվածային պատվաստումն է:

Ի դեպ, առաջին անգամ այս ամիսների ընթացքում Պուտինը նշել է, թե կոնկրետ որ վակցինան է ստացել: Նա ասել է, որ չէր ցանկանում դա անել, քանի որ վակցինայի անվան հրապարակումն ակամա կստեղծեր մրցակցային առավելություններ:

Այնուամենայնիվ, այսօր նա որոշել է ասել, որ պատվաստվել է «Սպուտնիկով», քանի որ այն ավելի երկարատև ազդեցություն է գործում, թեպետ մյուս ռուսական վակցինաները շատ ավելի դյուրին են ներարկվում, և որևէ բացասական ազդեցություն չի լինում:

Անմիջապես կորոնավիրուսային թեմային հաջորդել է Ուկրաինայի հետ հարաբերությունների խնդիրը: Ինչո՞ւ Մոսկվան չի ճանաչում Ուկրաինան որպես Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկիր:

«Որովհետև ես ուկրաինացիներին չեմ համարում մեր նկատմամբ թշնամություն ունեցող ժողովուրդ: Ես մի քանի անգամ ասել եմ և հիմա էլ կասեմ՝ ես համոզված եմ, որ ուկրաինացիներն ու ռուսները մեկ ժողովուրդ են», - ասել է Պուտինը:

Միաժամանակ, Ռուսաստանի նախագահը նշել է, որ նույնը չի կարող ասել Ուկրաինայի ղեկավարության մասին, որը բացահայտ թշնամական կեցվածք ունի: Արդյոք կհանդիպի՞ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

«Ի՞նչ իմաստ ունի նրա հետ հանդիպումը, եթե նա Ուկրաինան ամբողջությամբ փոխանցել է արտաքին կառավարման: Առանցքային հարցերը լուծում է ոչ թե Կիևն, այլ Վաշինգտոնը, մասամբ էլ Բեռլինն ու Փարիզը, այդուհանդերձ ես չեմ բացառում նրա հետ հանդիպելու հնարավորությունը»,- ասել է Պուտինը:

Արտաքին քաղաքականության թեմաներից Պուտինն անդրադարձել է նաև Սև ծովում բրիտանական ռազմանավի հետ կապված միջադեպին և այն անվանել է «սադրանք»:

Եվ այնուամենայնիվ, հարցերի գերիշխող մեծամասնությունը վերաբերել է սոցիալական հարցերին, նպաստներին, աշխատավարձերին, գազաֆիկացմանը, աշխատատեղերին, բնապահպանությանը, աղբահանությանը, ջրամատակարարմանը, սոցիալական արդարությանը:

Այս տարվա ուղիղ գիծը տևել է 3 ժամ 42 րոպե, Պուտինը հավաստիացրել է, որ անպատասխան հարցեր չեն լինի, բոլոր դիմումները կքննարկվեն, և կընդունվեն համապատասխան որոշումներ:

XS
SM
MD
LG