Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը շահագրգռված են խաղաղությունը պահպանելու մեջ։
Բնակչության հետ ամենամյա հարց-պատասխանի ուղիղ կապի ընթացքում նա ասել է, որ Ռուսաստանը որոշակի դերակատարություն է ունեցել այդ շատ լուրջ հակամարտության կարգավորման գործում և նշել՝ ո'չ Ադրբեջանը, ո'չ Հայաստանը, առավել ևս Լեռնային Ղարաբաղի բնակիչները շահագրգռված չեն հակամարտությունը շարունակելու մեջ։ «Հնարավոր չէ մշտապես ապրել ռազմական առճակատումը վերսկսելու տագնապով»,- ասել է նա։
Պուտինի խոսքերով՝ խնդիրները իրոք շատ են կուտակվել․ «նորմալ ենթակառուցվածքների վերականգնման հետ կապված հարցեր կան, հարցեր կապված սահմանագծման հետ, որպեսզի համապատասխան աշխատանքներ կատարվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանին, հատկապես այնտեղ, որտեղ պետական սահման ըստ էության երբեք չի եղել, գոյություն է ունեցել վարչական սահման միութենական հանրապետությունների միջև»։
«Մենք հիմա այդ աշխատանքի պրոցեսի մեջ ենք, ստեղծել ենք եռակողմ հատուկ խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ և ամեն ինչ կանենք տարածաշրջանում վերականգնելու նորմալ հարաբերությունները այդ աշխատանքի շահառուները անշուշտ պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչները։ Կարծում եմ՝ այդպես էլ կլինի, չնայած տասնամյակներով կուտակված բոլոր բարդություններին»,- ասել է Պուտինը։