Մատչելիության հղումներ

Պուտին. «Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ առավել ևս Ղարաբաղը հետաքրքրված չեն կոնֆլիկտի շարունակմամբ»


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «Ուղիղ գիծ» հեռուստածրագրի ձևաչափով պատասխանում է բնակիչների հարցերին, Մոսկվա, 30 հունիսի, 2021թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «Ուղիղ գիծ» հեռուստածրագրի ձևաչափով պատասխանում է բնակիչների հարցերին, Մոսկվա, 30 հունիսի, 2021թ.

«Ուղիղ գիծ» ձևաչափով պատասխանելով Դաշնության բնակիչների հարցերին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ծագումով հայ քաղաքացիներից մեկի խնդրանքով մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:

Պուտինն ասել է, որ Ռուսաստանը որոշիչ դեր է կատարել այդ շատ լուրջ ճգնաժամի կարգավորման գործում: Նրա խոսքով, ոչ ոք՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ առավել ևս Լեռնային Ղարաբաղի բնակիչները հետաքրքրված չեն այդ հակամարտության շարունակմամբ:

«Եթե մենք կարողանանք բոլորս ապրել խաղաղ և բարեկամաբար, ապա կստեղծենք կյանքի բարելավման պայմաններ, ընդ որում ոչ միայն անվտանգային առումով, այլև ընթացիկ կյանքում ընտանիքների գոյության, տնտեսական և սոցիալական զարգացման տեսակետից, ինչում առավել քան ոչ ոք, շահագրգռված են Ղարաբաղի բնակիչները, քանի որ պարզապես անհնարին է ապրել կոնֆլիկտի վերսկսման մշտական սպասումով»,- ասել է Պուտինը:

Նրա փոխանցմամբ, բոլորը, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները դա շատ լավ գիտակցում են:

«Այո, շատ հարցեր են կուտակվել, կան ենթակառուցվածքների վերականգնման խնդիրներ, կան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հետ կապված հարցեր, հատկապես այնտեղ, որտեղ պետական սահմաններ երբեք չեն եղել, և եղել է միայն վարչական բաժանում խորհրդային հանրապետությունների միջև»,- նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահը:

«Հիմա մենք այդ աշխատանքի ընթացքի մեջ ենք, ստեղծել ենք եռակողմ` հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբ և ամեն ինչ անում ենք տարածաշրջանում բնականոն հարաբերությունները վերականգնելու համար: Եվ այդ աշխատանքային խմբի արդյունքի շահառուներն անկասկած Լեռնային Ղարանաղի բնակիչներն են»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ «այդպես էլ կլինի, չնայած այն բազմաթիվ հարցերին, որոնք կուտակվել են տասնամյակների ընթացքում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG