Ավստրիայի համար Հայաստանը տարածաշրջանում շատ կարևոր գործընկեր է, «Ազատությանը» տված հարցազրույցում այսօր հայտարարել է Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը։
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելի կողմից լիազորության շրջանակներում Շալլենբերգը, Եվրամիության անդամ այլ երկրների՝ Լիտվայի ու Ռումինիայի արտգործնախարարներ Գաբրիելիուս Լանդսբերգիսն ու Բոգդան Աուրեսկուն այսօր՝ հարավկովկասյան այցի շրջանակում ժամանել են Երևան։ Նախարարներին ուղեկցում է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Այցի նպատակը հարավկովկասյան երեք երկրների հետ Բրյուսելի հարաբերությունների խորացումն է և Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստումը, որը նախատեսված է անցկացնել այս տարվա դեկտեմբերին։
Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներին Երևանում ընդունել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը։
«Ազատությունը» գրավոր հարցեր էր հղել Ալեքսանդր Շալլենբերգին և ստացել է նրա գրավոր պատասխանները.
«Ազատություն». - Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին, և ԵԽԽՎ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների գնահատմամբ, ընտրությունները մրցակցային էին, լավ կազմակերպված, եղել են որոշ չնչին տեխնիկական խախտումներ տեղամասերում, սակայն սա որևէ կերպ կասկածի տակ չի դնում ժողովրդավարական և սահմանադրական կարգը։ Ըստ էության, 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո սա արդեն երկրորդ համապետական ընտրություններն են (առաջինը՝ 2018թ. դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններն էին), որ միջազգային դիտորդները խնդիր չեն տեսնում ժողովրդավարության առումով։ Ի՞նչ ազդեցություն է ունենում այս հանգամանքը Հայաստանի նկատմամբ վարվող եվրոպական քաղաքականությունում։
Ալեքսանդր Շալլենբերգ. - Շնորհավորում ենք Հայաստանին՝ խորհրդարանական ընտրությունները հաջող անցկացնելու համար, չնայած չափազանց դժվար հանգամանքներին։ Կարծում եմ` սա հնարավորություն է առաջ շարժվելու։ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելի անունից և Լիտվայի ու Ռումինիայի գործընկերների հետ իրականացրած այցը նպատակ ունի քաջալերել տարածաշրջանում դրական զարգացումները, ներառյալ՝ Արևելյան գործընկերության շրջանակում։ Հարավային Կովկասը մեր անմիջական հարևանն է, և Հայաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում կայունությունը, անվտանգությունը և բարգավաճումը նպաստում է Եվրոպական միության կայունությանը, անվտանգությանը և բարգավաճմանը։
«Ազատություն». - Այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտավ Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված ու վավերացված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ի՞նչ եք կարծում, որը՞ պետք է լինի Հայաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունների հաջորդ նպատակը։
Ալեքսանդր Շալլենբերգ. - Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բավականին ամբիցիոզ համաձայնագիր է։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ ու դրական ազդեցություն կունենա մարդկանց կյանքի վրա՝ ներդրումային ավելի լավ միջավայր, ավելի ազդեցիկ քաղաքացիական հասարակություն, բնակության ավելի ապահով միջավայր, գնումների ավելի ազնիվ ու թափանցիկ ընթացակարգեր, ավելի անվտանգ ապրանքներ, սպառողների պաշտպանություն և ավելի մաքուր, առողջ միջավայր։ Որոշ ժամանակ կպահաջվի՝ ընդունելու բոլոր անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները և ավելի շատ ժամանակ՝ ամբողջովին դրանք կիրարկելու համար։ Սակայն առաջին քայլն արված է։
«Ազատություն». - Տեղյակ եք, համեմատաբար վերջերս Հայաստանը բախվեց անվտանգության լուրջ մարտահրավերների՝ 44-օրյա պատերազմ ու սահմանային շարունակվող ճգնաժամ Ադրբեջանի հետ։ Հայաստանում շատերը համարում են, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը գործնականում որևէ աջակցություն չցուցաբերեցին իրենց դաշնակից Հայաստանին։ Հնարավոր համարու՞մ եք անվտանգության և պաշտպանության ոլորոտում համագործակցության զարգացումը Հայաստանի հետ»։
Ալեքսանդր Շալլենբերգ. - Մեզ համար Հայաստանը տարածաշրջանում շատ կարևոր գործընկեր է։ 2013թ.-ից Ավստրիայի պաշտպանության նախարարությունը՝ Հայաստանի իր գործընկերների հետ համագործակցաբար կազմակերպում է վարժանքներ ու աշխատաժողովներ՝ անվտանգության համակարգերի բարեփոխումների վերաբերյալ։ Ավստրիայի պաշտպանության նախարարությունը ակտիվ դերակատարություն ուներ ԵԱՀԿ-Հայաստան համագործակցության ծրագրում, բայց, դժբախտաբար, Երևանում ԵԱՀԿ գրասենյակը փակվեց։
Ներկայում համագործակցությունը կենտրոնացած է Հայաստանի պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հետ իրականացվող ծրագրերի ուղղությամբ։ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումում Հայաստանի ներկայիս և Ավստրիայի գալիք նախագահությունը կարող է լավ հարթակ ապահովել՝ հետագա հնարավոր ներգրավվածության քննարկման համար։
«Ազատություն». - 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել հայաստանցի տասնյակ զինվորականների, քաղաքացիական անձանց, չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ զինադադարի հայտարարությամբ պարտավոր է ազատ արձակել բոլորին։ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը բազմիցս հայտարարել են, որ գերիները պետք է ազատ արձակվեն։ Ի՞նչ եք մտածում այս կապակցությամբ։
Ալեքսանդր Շալլենբերգ. - Ավստրիան բազմիցս կոչ է արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և ձերբակալվածներին։ Ուստի, ողջունում ենք վերջերս Ադրբեջանի կողմից 15 ձերբակալվածների ազատ արձակումը և Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը, որը տեղի ունեցավ Վրաստանի միջնորդությամբ։ Սրանք մարդասիրական կարևոր քայլեր են և վստահության վերականգնմանն ուղղված քաջալերող նշաններ։ Հուսով ենք, որ այս ամենը ճանապարհ է հարթում երկխոսության համար։ Ականատես ենք եղել, թե սառեցված հակամարտությունները ինչպես կարող են վերստին բռնկվել։ Եվրոպական միությունը վճռական է նպաստելու հակամարտության ամուր և համապարփակ հանգուցալուծմանը՝ մեր բոլոր գործընկերների, ներառյալ՝ ԵԱՀԿ-ի հետ սերտ համագործակցության միջոցով։
«Ազատություն». - Առաջիկայում հատկապես ո՞ր ուղղություներում է մտադիր Ավստրիան զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ։
Ալեքսանդր Շալլենբերգ. - Ավստրիայի ու Հայաստանի միջև հարաբերությունները գերազանց են, և մենք աստիճանաբար ընդլայնում ենք մեր ներկայությունը Հայաստանում։ Մեր հաջորդ քայլը՝ Ավստրիական զարգացման գործակալության [երևանյան] գրասենյակի արդիականացումն է այս ամռան ընթացքում՝ հասցնելով այն զարգացման լիարժեք ներկայացուցչության աստիճանի։