Մատչելիության հղումներ

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները պնդում են՝ աղաղակող խախտումներ են արձանագրվել


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և մտադիր է այն վիճարկել Սահմանադրական դատարանում։ Դաշինքն այսօր հայտարարել է, թե ընտրություններին մասնակցած այլ ուժերի հետ խորհրդակցություններ է սկսում միասնաբար Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը քննարկելու համար:

Քոչարյանի գլխավորած ուժը ստացած ձայներով երկրորդ տեղում է։ Դաշինքը, նախնական տվյալներով, ստացել է ընտրողների 21,04 տոկոսի ձայները։

Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ առաջին տեղում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» է։ Ստացել է ընտրության մասնակիցների 53,92 տոկոսի քվեները։ Երրորդ տեղում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,23 տոկոսով։ Թեև դաշինքը չի հաղթահարել անհրաժեշտ նվազագույն 7 տոկոսի շեմը, բայց սահմանադրական պահանջով անցնում է խորհրդարան։

Եվ չնայած միջազգային և տեղական դիտորդները վստահեցնում են, թե արձանագրված խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, Քոչարյանի գլխավորած ուժը արդյունքները խիստ վիճահարույց է համարում։ Պնդում են, թե ունեն լուրջ հիմքեր այս ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու և հայտարարելու, և որ այսպիսի արդյունքներով ԱԺ-ն չի արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը:

«Մեր դիտարկումները և դաշինքի նախընտրական շտաբերից եկած տեղեկատվությունը փաստում են, որ խախտումները սկսվել են ընտրության օրվանից շատ ավելի վաղ: Իսկ բուն ընտրության օրը բազմաթիվ տեղամասերից մեր վստահված անձանց ահազանգերի նախնական ամփոփումը վկայում է, որ խոսքը ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին է», - հայտարարել է դաշինքը:

Հայաստանի նախկին ղեկավարի դաշինքը վեց կետով է ներկայացրել արձանագրված խախտումները։ Ձևավորվել է ոչ մրցակցային միջավայր, իշխանությունը զանգվածաբար օգտագործել է վարչական ռեսուրս։ Քվերաթերթիկների հաշվարկի ժամանակ հոսանքազրկվել են Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի մի շարք համայնքներ։

Ըստ դաշինքի, գործել է շրջիկ խմբերի կեղծարարության համակարգ: Առանձին համայնքներում իշխանության կողմից քողարկված ընտրակաշառքի դեպքերի մասին ահազանգեր կան:

Ընտրությանը մասնակցած ուժերը քվեարկության արդյունքերը Սահմանադրական դատարանում կարող են վիճարկել վերջնական ամփոփումից հետո։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակի կիրակի օրը։

Թե որ ուժերի հետ են խորհրդակցում բարձր դատարան դիմելու հարցով, առայժմ չեն հայտարարում։

Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքից էլ դեռ չեն հստակեցնում՝ կվիճարկե՞ն արդյունքները, թե՞ ոչ։ Քիչ առաջ «Պատիվ ունեմ»-ը հայտարարություն է տարածել, քննադատել, թե այդպես էլ «այս ընտրությունները չդարձան քաղաքական, անդունդի եզրից Հայաստանը հետ քաշելու գործընթաց»․ - «Փոխարենը մենք ականատես եղանք ուժային մարմինների կողմից ապօրինաբար ընդդիմության դեմ բռնաճնշումների, ընդդիմադիր ակտիվ գործիչների բնակարաններում և ընդդիմության շտաբներում անհիմն խուզարկությունների ու ձերբակալությունների, ակտիվիստների և շտաբի անդամների գաղտնալսումների, այդպիսով՝ նախընտրական փուլում և ընտրությունների օրը ընդդիմության աշխատանքի խոչընդոտման բազմաթիվ աղաղակող դեպքերի, ինչպես նաև իշխանության կողմից վարչական լծակների կիրառմամբ ընտրողներին ակնհայտ ուղղորդման դեպքերի: Այս խայտառակ ընտրություններով ոչ թե լուծվել են մեր ժողովրդի խնդիրները, այլ ստեղծվելու են նոր՝ առավել դժվար հաղթահարելի խոչընդոտներ Հայաստանի և Արցախի անվտանգ, կայուն ու արժանապատիվ ապագայի համար, Պայքարը շարունակվելու է»։

XS
SM
MD
LG