Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցիչը հորդորում է զերծ մնալ Ադրբեջանում շինծու մեղադրանքներով ապօրինի դատապարտվող հայ ռազմագերիների խնդրի վերաբերյալ հրապարակային քննարկումներից՝ հաշվի առնելով խնդրի գերզգայունությունը:
Գրասենյակը համագործակցության պատրաստակամություն է հայտնում խնդրով շահագրգռված իրավաբանների, փաստաբանների, Փաստաբանական պալատի կամ ցանկացած այլ անձանց և/կամ իրավապաշտպան կազմակերպությունների հետ և կոչ է անում վերջիններիս նախքան որևէ քայլ ձեռնարկելը պարտադիր քննարկել և դրանք համաձայնեցնել իրենց հետ։
Նշելով, որ Բաքուն շինծու քրեական հետապնդումներ է իրականացնում 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի արդյունքում գերեվարված և միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ կոպիտ խախտմամբ մինչ օրս Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձանց նկատմամբ՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչն ընդգծում և վերահաստատում է Հայաստանի կառավարության դիրքորոշումը՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձինք հանդիսանում են ռազմագերիներ և առևանգված քաղաքացիական անձինք և օգտվում են 1949-ի Ժնևի կոնվենցիաներով տվյալ անձանց համար սահմանված պաշտպանության երաշխիքներից։
«Գերեվարված հայ անձանց դեմ հարուցված ցանկացած քրեական գործ զուրկ է որևէ իրավական հիմքից և բացահայտորեն հակասում է միջազգային իրավական նորմերին։ Ավելին, Ադրբեջանի իշխանության կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ մտացածին մեղադրանքների հիման վրա իրականացվող քրեական հետապնդման ողջ գործընթացը զուգորդվում է արդար դատաքննության հիմանարար իրավունքի տարրերի երաշխիքների կոպտագույն խախտումներով», - ասված է հայտարարությունում։
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը մանրամասնում է՝ թե´ մարդու իրավունքների միջազգային իրավունքի և թե´ միջազգային մարդասիրական իրավունքի ներքո քրեական հետապնդման ենթարկվող անձինք պետք է օգտվեն արդար դատաքննության նվազագույն այնպիսի երաշխիքներից, ինչպիսիք են անմեղության կանխավարկածը, իրեն հասանելի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին, բավարար ժամանակ ու հնարավորություններ ունենալ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, պաշտպանել իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով, օգտվելու թարգմանչի անվճար ծառայությունից և այլն, սակայն, նշված իրավական պարտադիր երաշխիքները, ըստ նրա, ակնհայտորեն խախտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչը բազմիցս հավաստվել է մի շարք միջազգային կառույցների, այդ թվում նաև՝ ՄԻԵԴ-ի կողմից։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը բազմիցս դիմել է ՄԻԵԴ-ին նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու, վերջիններիս ազատ արձակելու կամ նրանց իրավունքները այլ կերպ երաշխավորելու տարաբնույթ պահանջներով։ Սակայն, հաշվի առնելով ՄԻԵԴ-ի այս մասով սահմանափակ հնարավորությունները, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ներկայումս իրավասու պետական մարմինների և շահագրգիռ այլ անձանց հետ միասին շարունակում է մասնագիտական քննարկումները այլ միջազգային իրավական մեխանիզմների համատեքստում հնարավոր արդյունավետ գործիքակազմերին դիմելու հնարավորության առնչությամբ՝ գերեվարված հայ անձանց նկատմամբ իրականցվող ապօրինի քրեական հետապնդումների մասին տեղեկություն ստանալու, դրանց որևէ կերպ միջամտելու կամ դրանք կանխելու նպատակով։