Մատչելիության հղումներ

Սպասվում է, որ այսօր դատարանը կորոշի Չարչյանի նկատմամբ կիրառվելիք խափանման միջոցը


«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյան
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի 20-րդ համարը ներկայացնող Արմեն Չարչյանի կալանքի հարցը քննող դատավորը խորհրդակցական սենյակում է։ Սպասվում է, որ այսօր դատարանը կորոշի նրան կալանավորել-չկալանավորելու հարցը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ է սկսել քննել Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավարին կալանավորելու մասին։ Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։

Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքն էր տարածել հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահներոը որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։

Ցուցմունք տալուց հրաժարվող պրոֆեսորը երեկ դատարանի բակում պնդեց՝ իր արարքը հանցագործություն չէ, ինքն իր աշխատակիցներին չի հարկադրել։

Հայտնի ձայնագրությունում նա, սակայն, նշել էր, որ լավ գիտի, որ հիվանդանոցներում և այլ հաստատություններում արգելվում է քարոզչությունը, այդ արարքը պատժվում է և ընդգծել՝ մի ընկալեք սա որպես քարոզչություն։

Ձայնագրությունում Չարչյանը հորդորում, պահանջում է մասնակցել քվեարկությանը և շեշտում՝ ինքը հնարավորություն ունի հետո ստուգել, թե ով մասնակցեց քվեարկությանը, ով՝ ոչ։ Նույնիսկ կարող է իմանալ, թե ով ինչպես է քվեարկել։ - «Դա հնարավոր չի. Ես էնտեղ ասում եմ՝ մոտավոր ու սոցիոլոգիական բանաձևերով. Դրանք բոլորովին էն հանցակազմը, որ ինձ ինկրիմինացիա է արվում, բոլորվին դրա հետ կապ չունեն։

Համացանցում հրապարակված ձայնագրությունում Չարչյանը նաև նշել էր՝ քվեարկությանը չմասնակցածի նկատմամբ կոշտ վերաբերմունք կցուցաբերվի։

Երեկ այս հարցի մասին ասաց՝ հիվանդանոցի ղեկավարությունը միշտ ընդառաջել է աշխատողներին հետազոտությունների, վիրահատությունների հարցում, և ինքը դա է նկատի ունեցել կոշտ վերաբերմունքի մասին խոսելիս։ - «Ես հարգել եմ իրենց. Իսկ եթե իրենք չեն հարգի իմ խնդրանքը, իմ հորդորը, ես էլ կոշտ ձևով չեմ հարգի իրենց։ Հաջորդ անգամ եթե իրենցից մեկը կգա ինձ մի բան ով կխնդրի, ես ուղղակի կոշտ ձևով չեմ կատարի օրենքի սահմաններում»։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն օրեր առաջ վկայակոչել էր համացանցում տարածված ձայնագրությունն ու այլ ապացույցներ և պնդել՝ հորդորելու և պարտադրելու միջև տարբերություններ կան, նույնիսկ ընտրություններին հարկադրելուն ուղղված գործողությունները քրեորեն պատժելի արարքներ են, քրեորեն պատժելի արարք է նաև որևէ կուսակցությանը որևէ պարագայում չքվեարկելուն ուղղված հարկադրանքի միջոցների կիրառումը։

Չարչյանին մեղսագրվող հոդվածում նաև նշվում է որևէ մեկի օգտին դեմ քվեարկելուն հարկադրելու մասին։

Հայտնի ձայնագրության մեջ Չարչյանը աշխատակիցներին հիշեցրել էր, որ հիվանդանոցը պատկանում է Մայր Աթոռին, իսկ վերջինս չի ուզում, որ իշխանության գա Փաշինյանի թիմը. – «Ձեր գործատուն ունի էդ դիրքորոշումը։ Ես ձեզ չեմ հորդորում, չեմ ասում գնացեք քվեարկեք սրան կամ նրան։ Մայր Աթոռի դիրքորոշումն է, որ ներկա իշխանություններին չպետք է քվեարկել»։

Արմեն Չարչյանին մեղսագրվող հոդվածով նախատեսվում է չորսից յոթ տարի ժամկետով ազատազրկում։

XS
SM
MD
LG