Մատչելիության հղումներ

Հունիսի 20-ը ճակատագրական օր է. ընտրում ենք արժանապատիվ խաղաղության ու խայտառակության միջև. Ռոբերտ Քոչարյան


«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի վերջին օրը ուղերձով դիմել է ընտրողներին։ Ամփոփել է 12-օրյա ընտրարշավից իր տպավորությունները նախագահի պաշտոնը թողնելուց 13 տարի անց։ Քարոզարշավի ընթացքում Քոչարյանը նշել էր, որ իշխանությունից հեռանալիս մտքով անգամ չէր անցնում, որ կրկին կվերադառնա։ Պետական պաշտոնյայի էջն իր համար փակված էր։

«Հունիսի 20-ը ճակատագրական օր է. ընտրում ենք արժանապատիվ խաղաղության ու նվաստացած խայտառակության միջև: Այս օրերին հազարավոր մարդկանց ձեռք եմ սեղմել, նայել եմ նրանց աչքերին, չեմ թաքցնում, փորձում էի հասկանալ՝ արդյոք փոխվել եք այս տարիների ընթացքում: Մեծ ուրախությամբ պետք է ասեմ՝ չեք փոխվել, մնացել եք աշխատասեր, տաղանդավոր, պարզ խոսող, վատն ու լավը տարբերող: Կարճ ասած՝ շատ ուրախ եմ, որ նորից միասին ենք», - նշեց Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիներին կոչ է արել իրենց ընտրությամբ հաստատել հարատև խաղաղություն և վերականգնել արժանապատվությունը. «Վստահ եմ, որ այլևս չեք խաբվելու, սուտը, տգիտությունը ու պիղծը մերժելու եք»:

Այս ընտրապայքարում վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի գլխավորած ուժի մրցակիցը համարվում է Քոչարյանի առաջնորդած դաշինքը։ Հայաստանի պաշտոնաթող նախագահին աջակցելու կոչ են արել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և Փաշինյանի երբեմնի թիմակիցը՝ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը։ Գասպարյանը պաշտոնից ազատվեց չորս ամիս առաջ, երբ պահանջեց կառավարության հրաժարականը։

Այսօրվա ուղերձում Գասպարյանը նշել է. «Անժխտելի փաստ է, որ պատասխանատվությունից խուսափող ղեկավարը մեծագույն սպառնալիք է պետության համար։ Ես գտնում եմ, որ այս ծանր հետպատերազմյան ճգնաժամից Հայաստանը և Արցախը կարող են դուրս գալ միայն արհեստավարժ ու ազգանվեր պաշտոնյաներով համալրված կառավարության աշխատանքի շնորհիվ, որը պետք է ղեկավարի փորձառու քաղաքական գործիչ»։

Այսօրվա հանրահավաքում Օնիկ Գասպարյանն ու Կարեն Կարապետյանը ելույթ կունենա՞ն, հարցրինք դաշինքի նախընտրական շտաբի պատասխանատու Արամ Վարդևանյանին:

«Ես կարող եմ ասել, որ բավականին կարևոր հանրային հավաք է, մենք սպասում ենք մեր հայրենակիցներին, և սա մեր ամփոփիչ հանրային հավաքն է», - պատասխանեց Վարդևանյանը:

Երեկ էլ Հանրապետության հրապարակում ընտրարշավն ամփոփեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը»։

XS
SM
MD
LG