Ընտրարշավի վերջին ժամերը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն անցկացրեց Հանրապետության հրապարակում:
Հավաքի ընթացքում ելույթ ունեցան դաշինքի առաջնորդները: Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Սկսել ենք քարոզարշավը, բայց ավարտում ենք հաղթարշավով: Սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է պետականությունը մեր ժողովրդին վերադարձնելու համար»:
Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվեցին Ամիրյան փողոցով դեպի Մաշտոցի պողոտա:
Հայաստանի նախկին ղեկավարի գլխավորած դաշինքը համարվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր մրցակիցը:
Այսօր էլ Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից, Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն էր կոչ արել աջակցել Ռոբերտ Քոչարյանին:
Ժամեր առաջ էլ Քոչարյանն էր ուղերձով դիմել ընտրողներին՝ նշելով, թե հունիսի 20-ը ճակատագրական օր է, և քաղաքացին ընտրություն է կատարելու արժանապատիվ խաղաղության ու խայտառակության միջև:
Նշենք՝ երբ Քոչարյանը նախընտրական քարոզարշավը սկսեց, հայտարարում էր, որ նախագահի պաշտոնը թողնելիս երբևէ մտքով չի անցել, որ կարող է վերադառնալ և իշխանության հայտ ներկայացնել, պետական պաշտոնյայի էջն իր համար փակված էր, և այն բացվեց միայն Փաշինյանի իշխանությունից հետո: