Մատչելիության հղումներ

Ադրբեջանն անընդունելի է որակում «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Պաշտոնական Բաքուն անընդունելի է որակում Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված հռչակագրի վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարության քննադատությունը և պնդումները, թե այդ համաձայնագիրն ուղղված է հայ ժողովրդի դեմ։

«Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը չի գիտակցում, որ հենց իր ռևանշիստական դիրքորոշումն է հակասում հայ ժողովրդի շահերին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Բաքվի պաշտոնական հայտարարությունը նշում է, թե Հայաստանի անզիջում դիրքորոշումը լրջագույն խոչընդոտ է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ճանապարհին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հիշեցնենք, երեկ հրապարակած հայտարարությունում դատապարտելի և սադրիչ է որակել «Շուշիի հռչակագիրը»՝ շեշտելով, որ «այն հստակ մատնանշում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների»:

Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, ՀՀ ԱԳՆ-ի պնդմամբ, վկայում է, որ «Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։

XS
SM
MD
LG