Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը՝ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Մարգարետա Սեդերֆելթի գլխավորությամբ, հայտնում է նախագահի աշխատակազմը:
Արմեն Սարգսյանն ընդգծելով, որ նախընտրական քարոզարշավը հասել է իր բարձրակետին, իսկ ներքաղաքական մթնոլորտում լարվածություն կա, ասել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները պետք է դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, զսպվածություն ու հանդուրժողականություն:
Կարևորելով հասարակական համերաշխությունն ու երկրի կայունությունը՝ նախագահ Սարգսյանն անթույլատրելի և անընդունելի է համարել ատելության կամ թշնամանքի, առավել ևս՝ բռնության ու սպառնալիքի կոչերը և նշել, որ քաղաքական ուժերն ու գործիչները պետք է ձեռնպահ մնան այդպիսի գործելակերպից:
Զրուցակիցները նշել են, որ ակնկալում են արդար, ազատ ու թափանցիկ ընտրություններ: