Կեսգիշերին մոտ ձերբակալվել է Հայաստանի հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, տեղեկացնում են թեկնածուի պաշտպանները:
«Հայտարարում ենք, որ ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ։ Ամբողջը շինծու և ապօրինի է։ Այն նպատակ ունի ընտրություններից առաջ խոչընդոտել «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը», - պնդում են փաստաբաններ Գայանե Պապոյանը և Արսեն Սարդարյանը:
Ձերբակալության իրավաչափության վերաբերյալ պաշտպանների բողոքը ներկայացվել է դատարան:
Թե կոնկրետ ինչի համար է մեղադրվում կամ կասկածվում Ռուբեն Խլղաթյանը, փաստաբանները չեն հայտնում:
Իրավապահ մարմինները տեղի ունեցած վերաբերյալ առայժմ որևէ բան չեն հաղորդում: