Մատչելիության հղումներ

Մեկնարկել է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը


Միացյալ Թագավորություն - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ տիկնանց հետ, Կարբիս Բեյում, «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի նախօրեին, 10-ը հունիսի, 2021թ.
Միացյալ Թագավորություն - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ տիկնանց հետ, Կարբիս Բեյում, «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի նախօրեին, 10-ը հունիսի, 2021թ.

Բրիտանական Կարբիս Բեյ քաղաքում այսօր մեկնարկել է 7 խոշորագույն զարգացած ժողովրդավարական երկրների` «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովը։ Սա «Յոթնյակի» առաջնորդների առաջին անձնական հանդիպումն է կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց հետո և առաջին գագաթնաժողովը Ջո Բայդենի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո:

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Իտալիայի և Ճապոնիայի ղեկավարները երեք օր բանակցություններ կանցկացնեն: Ավստրալիան, Հնդկաստանը, Հարավային Կորեան և Հարավային Աֆրիկան հրավիրված են որպես գագաթնաժողովի հյուրեր:

Օրակարգում բազմաթիվ հարցեր կան, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Գագաթնաժողովի գլխավոր թեման համաճարակի դեմ պայքարն է և դրանից հետո գլոբալ տնտեսության վերականգնումը։ Նախօրեին Բայդենն արդեն հայտարարել է ամերիկյան նախաձեռնության մասին` ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 500 միլիոն չափաբաժին է անհատույց հանձնելու ամենաաղքատ երկրներին: Մեկ այլ կարևոր թեմա է կլիմայի փոփոխության դեմ պայքարը։

Գագաթնաժողովին մասնակցելը Միացյալ Նահանգների նախագահի ծավալուն ծրագրի մի մասն է Եվրոպա նրա առաջին ուղևորության ժամանակ։ Այս ուղևորության կարգախոսն է՝ «Ամերիկան վերադարձավ» համաշխարհային ասպարեզ Դոնալդ Թրամփի նախագահության չորս տարիներից հետո, երբ ուժեղ էին մեկուսացման միտումները:

Բայդենի խոսքով՝ «Մեծ յոթնյակի» հանդիպման նպատակն է միության ամրապնդումը. - «Պետք է հասկացնել Պուտինին և Չինաստանին, որ Եվրոպան և Միացյալ Նահանգները նախկինի պես միասնական են, իսկ «Մեծ յոթնյակն» արդյունավետ գործելու է»։

ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է՝ ամբողջ աշխարհի ժողովրդավարությունները պատրաստ են լուծել առկա խնդիրները։ Այդ խնդիրներից մեկը Ռուսաստանի վարքագիծն է համաշխարհային ասպարեզում, որը ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները համարում են սահմանված նորմերը խախտող և ագրեսիվ։

Սպասվում է, որ Ռուսաստանի նկատմամբ ռազմավարությունը կքննարկվի ինչպես G7-ի գագաթնաժողովում, այնպես էլ Բայդենի մասնակցությամբ ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրների ղեկավարների հաջորդ հանդիպումներում:

Հունիսի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ԱՄՆ-ի նախագահը հավանաբար կմեկնի բազմաթիվ հարցերի շուրջ Արևմուտքի երկրների միասնական դիրքորոշմամբ:

Պաշտոնական Մոսկվան՝ ի դեմս արտգործնախարար Սերգեյ Լավրովի, արդեն հայտարարել է, թե մեծ ակնկալիքներ Բայդեն-Պուտին հանդիպումից չունի: Իսկ Ռուսաստանի նախագահն էլ «Մեծ յոթնյակի» և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ ըստ էության զգուշացրել է Արևմուտքին ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության կապակցությամբ. - «Ուկրաինայի բնակչության 50 տոկոսը չեն ուզում անդամակցել ՆԱՏՕ-ին, և նրանք խելացի մարդիկ են, քանի որ չեն ուզում աշխարհագրական մանրադրամի վերածվել և հայտնվել շփման գծում կրակի տակ»։

XS
SM
MD
LG