Մատչելիության հղումներ

Եվրոպական խորհրդարանում այսօր քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձև-զեկույց


Եվրոպական խորհրդարանը Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցում վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը, ինչպես նաև կոչ է անում Թուրքիային զերծ մնալ որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգել հայկական մշակույթը պաշտպանելու իր հանձնառությունները։ Այս մասին հայտնում է Բելգիայում Հայաստանի դեսպանությունը՝ նշելով՝ ամբողջական զեկույց-բանաձևը Եվրոպական խորհրդարանում քվեարկության կդրվի այսօր երեկոյան։

Դեսպանությունը փոխանցում է, որ զեկույցում մի քանի անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի բացասական դերին, մասնավորապես, Եվրոպական խորհրդարանը դատապարտում է ռազմական գործողություններին վերջ դնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կոչեր անելու փոխարեն Թուրքիայի՝ Ադրբեջանի ռազմական գործողություններին անվերապահորեն աջակցելու որոշումը։

Ըստ զեկույցի՝ Թուրքիան, դիմելով հրահրող հռետորաբանությանը, նպաստում է լարվածության սրմանը, այլ ոչ դրա նվազմանը:

«Դատապարտվում է Սիրիայից և այլ վայրերից օտարերկրյա զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես դա հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից:

- Եվս մեկ անգամ կոչ է արվում Թուրքիային զերծ մնալ որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող է ավելի սրել լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և աջակցել միջազգային երկխոսությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային գործընթացին:

- Խստորեն դատապարտվում է Հյուսիսային Սիրիայում տեղակայված ջիհադիստ խմբերից զինյալների և վարձկանների տեղափոխումը Լիբիա և ԼՂ հակամարտության գոտի:

- Կոչ է արվում Թուրքիայի կառավարությանը պաշտպանելու Թուրքիայում ապրող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և քրիստոնյաների իրավունքները և անհապաղ ընդունելու խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրություն:

- ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ուսումնասիրելու «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը և արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում;

- ուշադրությամբ հետևելու նրանց գործունեությանը և հակազդելու դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների և տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար», - հայտնում է դեսպանությունը։

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ այդ եզրույթը երկու անգամ օգտագործելով իր ապրիլքսանչորսյան ուղերձում: Ըստ փորձագետների՝ Միացյալ Նահանգների նախագահի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը կդյուրացնի ողջ աշխարհում եղեռնի փաստի ճանաչումը։

XS
SM
MD
LG