Մատչելիության հղումներ

Էրդողանը Բայդենի հետ հանդիպումից առաջ «փորձում է տնտղել ամերիկյան գործարար շրջանակների տրամադրությունները»


«Ջոզեֆ Բայդենի հետ հունիսին կայանալիք հանդիպումից առաջ Թուրքիայի նախագահը Ռեջեփ Էրդողանը փորձում է տնտղել ամերիկյան գործարար շրջանակների տրամադրությունները», - գրում է Reuters գործակալությունը՝ տեղեկացնելով Էրդողանի և Միացյալ Նահանգներում գործող երկու տասնյակ խոշորագույն ընկերությունների ղեկավարների այսօր նախատեսված հեռավար հանդիպման մասին։

Reuters-ի տեղեկություններով, ի դեպ, հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որոնց մասնակցել են նաև Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունն ու ԱՄՆ առևտրի պալատը, ընթացել են գաղտնիության պայմաններում։

Էրդողանի հետ օնլայն քննարկմանը մասնակցող ամերիկյան բիզնեսի առաջատարների ամբողջական ցանկը մինչ օրս չի հրապարակվել։ Reuters-ի աղբյուրներից մեկը, սակայն, նշել է, որ մասնակիցների թվում են լինելու այնպիսի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, ինչպիսին են Microsoft-ն ու Netflix-ը։

Ուշագրավ է, որ այս հանդիպումը բացառապես թուրքական կողմի նախաձեռնությունն է և, ըստ Reuters-ի, դրա կազմակերպմանը պաշտոնական Վաշինգտոնը որևէ կերպ չի մասնակցել։

«Այս քննարկումը Էրդողանի համար յուրատեսակ նախապատրաստություն է Բայդենի հետ դեմ առ դեմ հանդիպումից առաջ», - նշել է Reuters-ի աղբյուրներից մեկը՝ հավելելով, որ այսօրվա հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահը հանդես կգա ճառով և կպատասխանի ամերիկյան բիզնեսի առաջատարների հարցերին։

«Ըստ ամենայնի Անկարան խոշոր գործարարների հետ նման հեռավար հանդիպում կազմակերպելով փորձում է մեկ անգամ ևս հիշեցնել, որ Թուրքիան կարևոր գործընկեր է», - նշել է Reuters-ի զրուցակիցը։

Գործակալության համոզմամբ, նման հիշեցման կարիք իրոք կա։ Բանն այն է,որ Բայդենի և Էրդողանի հարաբերությունները այնքան է լ ջերմ չեն։

«Երկու առաջնորդները ընդամենը մեկ հեռախոսազրույց են ունեցել՝ ապրիլի 23-ին, որի ընթացքում պայմանավորվել են ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում առանձին հանդիպում անցկացնելու մասին, իսկ Բայդենը Էրդողանին տեղեկացրել է, որ Սպիտակ տունը պատրաստվում է օսմանյան դարաշրջանի հայկական կոտորածները ցեղասպանություն անվանել», - գրում է Reuters-ը՝ հիշեցնելով նաև, որ ԱՄՆ նախագահի այդ քայլը լուրջ դժգոհություններ էր առաջացրել Անկարայում։

«Թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա մյուս տարակարծությունները վերաբերում են թուրքական պողպատի վրա սահմանված ամերիկյան սակագներին և Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 համակարգերի ձեռքբերմանը, ինչի արդյունքում Թրամփի վարչակազմը որոշեց Անկարային դուրս թողնել F-35 ռազմական ինքնաթիռների համատեղ արտադրությամբ զբաղվող կոնսորցիումից», - նշում են հոդվածի հեղինակները՝ հավելելով, որ 2019-ին, մինչև կորոնավիրուսի համաճարակը, Թուրքիայի և Միացյալ Նահանգների ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը հասնում էր 21 միլիարդ դոլարի։ «Վաշինգտոնն ու Անկարան սակայն նպատակադրվել են այդ ցուցանիշը հասցնել 100 միլիարդի», - գրում է Reuters-ը։

XS
SM
MD
LG