Բելառուսի իշխանությունները բնակիչների մեծ մասին ժամանակավորապես արգելել են ցամաքային ճանապարհով հեռանալ երկրից: Դա պատճառաբանվում է կորոնավիրուսի դեմ պայքարը խստացնելու անհրաժեշտությամբ:
Ընդդիմությունը, սակայն, հիշեցնում է՝ Բելառուսի ղեկավարները մշտապես ընդգծել են, թե լուրջ չեն ընդունում COVID-19 հիվանդության վտանգը, երկար ժամանակ հեգնանքով են խոսել կարանտինի մասին, ուստի արտասահման մեկնելու արգելքն ընդամենը մի նոր քայլ է ազատությունները սահմանափակելու և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ պայքարը խեղդելու համար:
Բելառուսի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ արտասահման ցամաքային ճանապարհով մեկնելու արգելքը չի տարածվի պետական ծառայողների, տրանսպորտի համակարգի աշխատակիցների և արտասահմանում մշտական բնակության իրավունք ունեցող քաղաքացիների վրա:
Մարդիկ կարող են նաև օդային ճանապարհով մեկնել արտասահման, սակայն ուղևորությունից առնվազն տասն օր առաջ պարտավոր են ինքնամեկուսանալ:
Մինսկը սահմանափակել է մարդկանց ազատ տեղաշարժը, երբ Արևմուտքը խստորեն դատապարտել է ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին և նրա ընկերուհուն՝ Ռուսաստանի քաղաքացի Սոֆյա Սապեգային ձերբակալելու նպատակով Աթենք-Վիլնյուս չվերթը կատարող օդանավին մայիսի 23-ին վայրէջք պարտադրելու Լուկաշենկոյի ռեժիմի որոշումը:
Եվրամիության և Միացյալ Նահանգների պնդմամբ՝ Բելառուսի ղեկավարները գործնականում առևանգել են Ryanair ընկերության օդանավը:
Մինսկը պնդում է, թե ինքնաթիռի անձնակազմին կարգադրել են վայրէջք կատարել, երբ ստացվել է էլեկտրոնային նամակ օդանավում տեղադրված ռումբի մասին: Վայրէջքից հետո օդանավում ոչ մի ռումբ, բնականաբար, չեն հայտնաբերել:
Արևմուտքն այդ միջադեպից հետո նոր պատժամիջոցներ է սահմանում Բելառուսի նկատմամբ:
26-ամյա ընդդիմադիր լրագրող Պրոտասևիչը Բելառուսում ծայրահեղական հռչակված Nexta Տելեգրամ ալիքի հիմնադիրն է, նրան կարող են ներկայացնել մի շարք մեղադրանքներ, այդ թվում՝ նախագահական ընտրություններից հետո զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածով, որով նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:
Բելառուսում անցյալ տարվա օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո հաղթող է ճանաչվել երկիրը 1994 թվականի հուլիսից ղեկավարող Լուկաշենկոն:
Ընդդիմությունը պնդում է, որ ռեժիմը կեղծել է ընտրությունները: Հետընտրական շրջրանում Բելառուսում տեղի են ունեցել բողոքի աննախադեպ ցույցեր և բախումներ, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել, շուրջ 30 հազար ցուցարար բերման է ենթարկվել, մեծ թվով մարդիկ ազատազրկվել են:
Բելառուսի ընդդիմության փաստացի լիդեր Սվետլանա Տիխանովսկայան, ով իր ձերբակալված ամուսնուն՝ Սերգեյին փոխարինել է նախագահության թեկնածուի դերում և պաշտոնական տվյալներով երկրորդ տեղն է գրավել, ընտրություննեիրց հետո ապաստանել է հարևան Լիտվայում, որտեղից շարունակում է պայքարը Լուկաշենկոյի ռեժիմի դեմ:
Արևմուտքը չի ճանաչում Լուկաշենկոյի հաղթանակը: