Մատչելիության հղումներ

Բելառուսցի դիվանագետների մուտքը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան արգելվեց


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ասուլիսի ժամանակ, Բրյուսել, 31-ը մայիսի, 2021թ․
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ասուլիսի ժամանակ, Բրյուսել, 31-ը մայիսի, 2021թ․

Այսուհետ բելառուսցի դիվանագետների մուտքը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան արգելվում է։ Երկուշաբթի երեկոյան Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ նշելով, որ դա դաշինքի պատասխանն է Ryanair ավիաընկերության օդանավի հետ տեղի ունեցած հայտնի միջադեպին և ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչի ու նրա ընկերուհու ձերբակալությանը։

«Մենք որոշել ենք արգելել բելառուսական դիվանագիտական անձնակազմի մուտքը ՆԱՏՕ-ի գրասենյակ՝ ելնելով այն գնահատականից, որ տրվել է կենտրոնակայանի անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններին», - նշում էր Ստոլտենբերգը։

Նշենք, որ դաշինքի ղեկավարության կողմից սահմանված այս արգելքը տարածվում է 1998 թվականից ՆԱՏՕ-ում գործող Բելառուսի ներկայացուցչության բոլոր աշխատակիցների վրա։

ՆԱՏՕ-ն այս որոշումը կայացրեց դաշինքի անդամ պետությունների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների այսօր մեկնարկող հավաքի նախօրեին։ Համաժողովի օրակարգային թեմաներից մեկը հենց Բելառուսի հետ հարաբերությունների հետագա հստակեցումն է։

Reuters-ի տեղեկություններով, ի դեպ, վերջին օրերին Հյուսիսատլանտյան դաշինքում քննարկվում էր նաև Բելառուսի հետ «Գործակցություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում համագործակցության դադարեցումը։

Գործակալության տեղեկություններով, սակայն, դաշինքի անդամներն այս հարցում այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել, քանի որ Բելառուսի՝ ծրագրից հեռացմանը դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից մեկը՝ Թուրքիան։ Դաշինքում հավատարմագրված մի շարք դիվանագետներ Reuters-ի թղթակցի հետ զրույցում պնդել են, թե Անկարայում մտավախություններ կան, որ Բելառուսի դեմ իրականացվող նման քայլը կարող է է՛լ ավելի սրել հարաբերությունները Մոսկվայի հետ։

Հավելենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարը ևս ՆԱՏՕ-ի համաժողովի օրակարգում է։

«Մենք կշարունակենք Ռուսաստանի հետ աշխատել երկու ուղղություններով։ Մի կողմից՝ ամուր պաշտպանության ապահովման, մյուս կողմից՝ կառուցողական երկխոսության ծավալման ուղղություններով։ Մենք ցանկանում ենք հարաբերությունների բարելավմանն ուղղված ողջամիտ երկխոսություն ծավալել մեր հարևան Ռուսաստանի հետ, բայց անգամ առանց այդ հարաբերությունների բարելավմանը, կապերի հաստատումը շատ կարևոր է։ Դա թույլ կտա նվազեցնել ռիսկերը, ապահովել ռազմական ակտիվության թափանցիկությունն ու սպառազինությունների վերահսկողությունը», - հայտարարում էր Յենս Ստոլտենբերգը։

XS
SM
MD
LG