Մատչելիության հղումներ

Հայկ Սարգսյանին վերագրվող սպանության փորձը վերաորակվեց, մեկ այլ հոդվածով՝ նա արդարացվեց


Դատարանն այսօր հրապարակեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատավճիռը. Հայկ Սարգսյանին վերագրվող սպանության փորձը վերաորակվեց և նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվեց, մյուս՝ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու հոդվածով՝ նա արդարացվեց։

Դատարանը Սարգսյանին մեղավոր ճանաչեց անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Դատարանի վճռով նաև Հայկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց 50 մլն դրամ գրավը վերացվեց։

«Դատարանը վճռեց Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի առաջին մասով և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, ճանաչել և հռչակել Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի անմեղությունը Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ մեղսագրված արաքի կատարմանը նրա մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով: Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը վերացնել», - հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը:

Նախկին նախագահի եղբորորդուն մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար։ Ըստ Քննչական կոմիտեի, 2007 թվականին, հրազենային վնասվածքով Երևանի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել Դավիթ Սիմոնյանը։ Նույն օրը ոստիկանություն էր ներկայացել Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ և դրա հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել ու մարմնական վնասվածք է պատճառել ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը այնուհետև կարճվել էր՝ կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով: Տուժող Դավիթ Սիմոնյանը դեպքից 11 տարի անց՝ 2018-ի հեղափոխությունից հետո Հայկ Սարգսյանի դեմ հաղորդում էր ներկայացրել ու հայտնել, թե իրեն մարմնական վնասվածք պատճառել է Հայկ Սարգսյանը, ոչ թե Արթուր Ղևոնդյանը։ Գործը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերաբացվել էր։

Հայկ Սարգսյանի փաստաբան՝ Երեմ Սարգսյանի խոսքով՝ երկու մեղադրանքով էլ պետք է արդարացման վճիռ կայացվեր, պատրաստվում են վերաքննիչ դատարան բողոք ներկայացնել։

«Ամբողջ Գլխավոր դատախազությունը չգիտե՞ր, որ այստեղ սպանության փորձի մեղադրանք ընդհանրապես չի էլ կարա լինի, իհարկե, գիտեին, քննչական ամբողջ ապարատը չգիտե՞ր, իհարկե, գիտեին, բա ինչի՞ էին անում այս ապօրինությունները, ակնհայտ էր, երբ եղավ այս ամեն ինչը, եղավ այն փուլում, երբ որ իշխանափոխություն եղավ, հեղափոխություն եղավ և էյֆորիայի տակ բոլորը փորձում էին ինչ-որ ապօրինություններով ենթադրյալ օրինականություն ապահովել: Ես միշտ եմ ասել՝ չի կարելի ապօրինությամբ օրինականություն ապահովել», - ասաց փաստաբանը:

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանն ասաց՝ դատական ակտը ստանալուն պես կորոշեն՝ արդյոք մեղադրող կողմը կբողոքարկի՞ վճիռը, թե՝ ոչ։

XS
SM
MD
LG