Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատավճիռը կհրապարակվի հունիսի 1-ին


Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատարանը գրեթե երկու տարի տևած դատաքննությունից հետո այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ, դատավճիռը կհրապարակվի հունիսի 1-ին։

Սարգսյանը, ում մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար, այսօր դատարանում ասաց՝ միակ խնդրանքը արդար և օրինական վճիռ կայացնելն է։

«Հարգելի դատարան, իմ միակ խնդրանքն է՝ արդար և օրինական վճիռ կայացնելը», - նշեց Հայկ Սարգսյանը:

Ըստ Քննչական կոմիտեի, 2007 թվականին, հրազենային վնասվածքով Երևանի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել Դավիթ Սիմոնյանը։ Նույն օրը ոստիկանություն էր ներկայացել Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ և դրա հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել ու մարմնական վնասվածք է պատճառել ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը այնուհետև կարճվել էր՝ կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով: Հեղափոխությունից հետո, սակայն, այդ փաստի առթիվ հարուցվեց նոր քրեական գործ, որի քննության արդյունքում պարզվեց, որ Դավիթ Սիմոնյանին անզգուշությամբ մարմնական վնասվածք է պատճառել ոչ թե Արթուր Ղևոնդյանը, այլ Սիմոնյանին փորձել է սպանել նախկին նախագահի եղբորորդին։ Տուժող Դավիթ Սիմոնյանը դեպքից 11 տարի անց Հայկ Սարգսյանի դեմ հաղորդում էր ներկայացնել։

Հայկ Սարգսյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ ակնկալում են օրինական և արդար դատական ակտ։

«Ամենակարևորը, որ տեղի ունեցավ, շատ հստակ ապացուցվեց, որ այստեղ չկա ընդհանրապես քրեական գործ: Այսինքն՝ քրեական գործը ոչնչացվել է, դրա հիմնական մասը չկա, մի քանի պատճեների տեսքով փաստաթուղթ է բերվել, և այս փաստաթղթի անունը դրել ենք քրեական գործ, ինչն օրենքով սահմանված չէ: Ասում են՝ սրանով դատենք այն դեպքում, երբ որ մենք ասում ենք՝ կոնկրետ փաստաթղթեր պետք է լինեն քրեական գործում, բերեք ուսումնասիրենք, տեսնենք: Այդ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում չեն կարող նույնիսկ երաշխավորել, որ կրկին դատվելու այդ արգելքը հաղթահարում են, որովհետև մեր պնդմամբ՝ գործում եղել է գրություն կամ առնվազն որոշում, այս պահին մենք էլ չենք կարողանում հստակ ներկայացնել, որովհետև մեզ հայտնել են դրա մասին, որ քրեական հետապնդում չի իրականացվում Հայկ Սարգսյանի նկատմամբ: Այս փաստը պետք է հերքվի քրեական գործով, ինչը չի հերքվել, և սա, ասում են, որ դա ձեր մարտավարությունն է: Եթե անգամ սա մարտավարություն էլ լինի, այստեղ անմեղության կանխավարկածի առումով վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է հերքել հակառակը: Բոլորս էլ հասկանում ենք, թե երբ տեղի ունեցան այս գործողությունները, ինչի հիման վրա կառուցվեց, հետևաբար, գտնում եմ, որ միակ որոշումը, որ դատարանը այս գործով կարող է կայացնել դա արդարացման դատական ակտն է», - ասաց փաստաբանը:

XS
SM
MD
LG