Մատչելիության հղումներ

Շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը


Հայկ Սարգսյանը դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ
Հայկ Սարգսյանը դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար։

Դատարանում ցուցմունք է տալիս Հայկ Սարգսյանի նախկին ընկերը՝ Դավիթ Սիմոնյանը, ով հայտնի է «Կենտրոնի Կյաժ» մականունով։

Ըստ Քննչական կոմիտեի, 11 տարի առաջ՝ 2007 թվականին, հրազենային վնասվածքով Երևանի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել Դավիթ Սիմոնյանը։ Նույն օրը ոստիկանություն էր ներկայացել Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ և դրա հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել ու մարմնական վնասվածք է պատճառել ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը այնուհետև կարճվել էր:

Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխությունից հետո, սակայն, այդ փաստի առթիվ հարուցվեց նոր քրեական գործ, որի քննության արդյունքում պարզվեց, որ Դավիթ Սիմոնյանին անզգուշությամբ մարմնական վնասվածք է պատճառել ոչ թե Արթուր Ղևոնդյանն, այլ Սիմոնյանին փորձել է սպանել Հայկ Սարգսյանը։ Մեղադրողի հարցին, թե ինչո՞ւ է հիմա պատմում այս մասին, տուժող Սիմոնյանն ասաց. - «Հայկ Սարգսյանը խոստացել էր ուղարկել երիկամի փոխպատվաստման, բայց չուղարկեց»։

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք նման խոստումներ է տվել Դավիթ Սիմոնյանին և ինչպես կմեկնաբանի Սիմոնյանի ցուգմունքը, Հայկ Սարգսյանը պատասխանեց. - «Պարզ չի՞ որ սուտ ա ամեմ ինչ»։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG