Մատչելիության հղումներ

Հայկ Սարգսյանը դատարանում դիրքորոշում չհայտնեց իրենց հասցեագրված մեղադրանքի վերաբերյալ


Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստի ժամանակ այդպես էլ չասաց՝ ընդունո՞ւմ է իրեն հասցեագրված մեղադրանքը, թե ոչ։

33-ամյա Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի մեջ․ հանցագործությունը տեղի է ունեցել 11 տարի առաջ: Նա սեպտեմբերին 50 միլիոն դրամ գրավով ազատ էր արձակվել։

2007 թվականին տուժող Դավիթ Սիմոնյանը հիվանդանոց էր տեղափոխվել հրազենային վնասվածքով: Գործը կարճվել էր, քանի որ ոստիկանություն էր ներկայացել ոմն Արթուր Ղևոնդյան և հայտնել, թե անզգուշաբար կրակել է ընկերոջ վրա: 11 տարի անց, սակայն, Դավիթ Սիմոնյանը, ով վերջին մի քանի ընտրությունների ժամանակ հանրապետականների վստահված անձն է եղել Երևանի Կենտրոն վարչական շրջանի տեղամասերից մեկում և մշտապես խոչընդոտել է լրագրողների աշխատանքը, նոր ցուցմունքներ է տվել, նշելով, որ իրականում իրեն փորձել են սպանել, իսկ սպանության փորձը կատարել է Հայկ Սարգսյանը։

Հայկ Սարգսյանը մեղադրվում է նաև ապօրինի կերպով զենք պահելու մեջ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ այս հոդվածի վաղեմության ժամկետն անցել է և եթե Հայկ Սարգսյանը ցանկություն հայտնի, ապա այդ մասով քրեական հետապնդումը կդադարեցվի։ Հայկ Սարգսյանը, սակայն, ասաց՝ նման ցանկություն չունի։ Պաշտպանն էլ հավելեց՝ մեղադրանքը ապօրինի է և պետք է քրեական հետապնդումը դադարեցվի այդ հիմքով։ Փաստաբանը հավելեց, որ նախաքննական մարմինը մեղադրանք առաջադրելիս պետք է հաշվի առներ վաղեմության ժամկետը և նման հոդվածով մեղադրանք չառաջադրեր։ Մինչդեռ դատախազը նշեց, որ մեղադրանքն ի սկզբանե առաջադրվել է սպանության փորձի համար։

Այս գործով տուժող Դավիթ Սիմոնյանը հայտարարեց՝ դիմել է ոստիկանություն՝ խնդրելով ապահովել իր և ընտանիքի անվտանգությունը։ Դատարանում պարզ դարձավ, որ 11 տարի առաջ տեղի ունեցած դեպքից հետո քննչական մարմինները չեն պահպանել տուժող Դավիթ Սիմոնյանի հագուստը, որը որակվել է որպես կարևոր ապացույց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG