Վաշինգտոնում կենտրոնակայան ունեցող ինստիտուտը 2006 թվականից հարցումներ է իրականացնում Հայաստանում, և եթե տասնհինգ տարի առաջ՝ 2006-ի մայիսին հայաստանցիների 95 տոկոսը Ռուսաստանի հետ հարաբերությունները գնահատել էին լավ, միայն 4 տոկոսը՝ վատ, ապա 2018թ. հուլիս-օգոտոսին՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմից երկու տարի անց, հայաստանցիների արդեն 87 տոկոսն էր Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ գնահատում, 11 տոկոսը՝ վատ։ Այս տարվա ապրիլի-մայիսին անցկացված հարցման համաձայն, հայաստանցիների 70 տոկոսն է Ռուսաստանի հետ հարաբերությունները գնահատել շատ լավ կամ լավ, իսկ 15 տոկոսը՝ վատ կամ շատ վատ։
Ընդ որում, այս վերջին հարցման համաձայն, հայաստանցիների ամենից շատ դրական գնահատականը ստացել է Ֆրանսիան. 79 տոկոսը շատ լավ կամ լավ է գնահատել Փարիզի հետ հարաբերությունները, իսկ 6 տոկոսը՝ վատ կամ շատ վատ։
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի կարծիքով, այստեղ, անշուշտ, իր նշանակությունն ունեցավ Ադրբեջանի դեմ Հայաստանի վարած նախորդ պատերազմներում Մոսկվայի որդեգրած դիրքորոշումը․ - «Ընդհանրապես աննորմալ է իրավիճակը, երբ որ որևէ երկիր ունի բարձր աջակցության գործակից, կամ բարձր վստահության գործակից մեր նման երկրներում։ Սա է աննորմալ վիճակը։ Դա, իր հերթին, հետևանք է հետկոլոնիալ դիսկուրսի, դա, իր հերթին, հետևանք է ցածր քաղաքական մշակույթի և ընդհանրապես քաղաքական մտքի, թերզարգացվածության»։
Ռուսաստանը ոչ միայն տարիներով շարունակաբար Հայաստանի հետ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին հարձակողական սպառազինություն վաճառող առաջին երկիրն էր, այլև գործուն աջակցություն չցուցաբերեց իր դաշնակից Հայաստանին, ինչպես 2016թ. ապրիլյան պատերազմի, այնպես էլ 2020թ. հուլիսյան մարտերի, 44-օրյա պատերազմի և այս մայիսի 12-ից շարունակվող սահմանային ճգնաժամի ժամանակ։
Անշուշտ, նման իրավիճակն է պատճառը, որ այս մայիսի 26-ին՝ մեկ օր անց, երբ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի մոտ ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող սպանվեց, Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հրապարակային, աննախադեպ դժգոհություն հնչեցրեց, թե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը անգամ հստակ դիրքորոշում չեն հայտնում Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ․ - «Այս պահի դրությամբ, իհարկե ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ, և մեր գործընկերների հետ իրավիճակի հետագա պարզաբանման աշխատանքներ իրականացնել։ Որովհետև ես կարծում եմ, որ էն նախնական մտահղացումը, որ իմ կարծիքով ունի Ադրբեջանը, էդ մտահղացումը այս պահի դրությամբ ես չեզոքացված չեմ համարում։ Եվ էստեղ պետք ա այդ մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները հստակ տեղեկացված լինեն և պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն։ Ընդ որում, ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ՀԱՊԿ երկրները և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հստակ դիրքորոշում չի արտահայտել, որ Ադրբեջանը պետք ա զորքերը էդտեղից հետ քաշի»։
Փաշինյանի այս հայտարարությունից ընդամենը ժամեր անց՝ հաջորդ առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինուժը գերեվարել է վեց հայ զինծառայողի։ Դարձյալ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը ցայսօր որևէ գործնական քայլի չեն դիմել։
Գերեվարման հաջորդ օրը՝ մայիսի 28-ին Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը մեկնեց Մոսկվա, հանդիպեց ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Շոյգույին, սակայն ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Հայաստանի ռազմական գերատեսչությունների մամլո հաղորդագրությունների մեջ որևէ նշում չկա, որ բանակի գեներալ Շոյգուն, օրինակ, իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի տարածքում հայ զինծառայողի սպանության կամ վեց հայ զօինծառայողների գերեվարության առնչությամբ։
«Նմանատիպ պատերազմները, որոնք որ էսպես սառը ցնցուղ են առաջացնում հասարակության մոտ, որոնք որ դառը իրականության հետ առերեսվելու պարտադրանք են դառնում հասարակության համար, որ մեր օրերի աշխարհում դու կարող ես հույս դնել միայն սեփական զինված ուժերի վրա, և որևէ դաշնակից որևէ պարագայում քեզ համար չի պատրաստվում կռվել։ Եվ ինչքան շուտ հասարակությունը հասունանում է էն քաղաքական գաղափարին, որ դու տեր չունես, դու ես քո տերը, էնքան քաղաքականապես ավելի հասուն է դառնում հասարակությունը»։