Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ կառավարությունը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Հայաստանից ադրբեջանական զորքը դուրս բերելու համար։ Այս ուղղությամբ Հայաստանի դաշնակցի՝ ՀԱՊԿ-ի քայլերի տեմպից Փաշինյանը դժգոհ է. «ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ և մեր գործընկերների հետ իրավիճակի հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել», - ասաց նա:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները հստակ դիրքորոշում չեն հայտնում Հայաստանից ադրբեջանական զորքի հետ քաշվելու վերաբերյալ, Ազգային ժողովում քննադատեց վարչապետի պաշտոնակատարը. «Աշխատանքային մակարդակում, ընդ որում, այդ դիրքորոշումն արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում, և ես ուզում եմ, որ մենք այս հարցերում պետք է հստակություն մտցվի»:
Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել են մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չեն նահանջում։ Ավելին՝ պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երեկ էլ ադրբեջանցիների կրակոցի հետևանքով հայ զինծառայող էր զոհվել։ Ադրբեջանական զորքը Հայաստանի տարածքից դուրս բերելու համար հայկական կողմը դիմել է ՀԱՊԿ-ին «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածով։ Սա նախատեսում է համատեղ անհապաղ խորհրդատվություններ՝ կոորդինացնելու դաշինքի անդամ երկրների դիրքորոշումները և միջոցներ ձեռնարկելու՝ դիմող պետությանն աջակցություն ցուցաբերելու համար։ Դաշնակից կազմակերպությունը բացի հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու խորհրդից, որևէ հստակ հայտարարություն չի արել կոնկրետ ադրբեջանական զորքի հետ քաշվելու մասին։ Իսկ ռազմավարական դաշնակից Ռուսաստանն առաջարկել է աջակցել հայ-ադրբեջանական սահմանազատման հարցում։ Ինչո՞ւ է հապաղում կառավարությունը և հենց հիմա չի դիմում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։
«Մենք երբեք չենք բացառել և չենք էլ բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ-ի գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակն և խնդիրը լուծելու համար», - ասաց նա:
Իսկ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունն առաջինը քայլեր չձեռնարկեց պետության ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժած ադրբեջանական զորքը դուրս բերելու համար և միանգամից դիմեց ՀԱՊԿ-ի աջակցությանը։ Ընդդիմախոսների այս քննադատությանը Փաշինյանը պատասխանեց՝ հիշեցնելով, որ հենց այդ կազմակերպության անդամ երկրներն են դեմ` հարցը ռազմական ճանապարհով հանգուցալուծելուն. «Ռազմական լուծման չգնալը նաև նպատակ ունի ինքնաբերաբար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներին չներքաշել ռազմական լուծման մեջ»:
Ապա վարչապետի պաշտոնակատարը բացատրեց ՀԱՊԿ-ի բուն նշանակությունը՝ դաշնակից կազմակերպությունը համեմատելով օդորակիչի հետ. «Ավելի հարմար օրինակ չեմ գտնում, երբ որ մի իրավիճակ կա, ասենք ենթադրենք, որոշել են, համախմբվել են և ստեղծել են օդորակիչ, և երբ որ շոգ է, այդ օդորակիչը միացնում են, ոնց որ ասեն` ինչի՞ պատուհանները չեք բացում, որ սկվազնյակ լինի, այլ օդորակիչն եք միացնում: Այդ գործիքը հենց դրա համար է ստեղծված, և հստակ արձանագրված է, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի երկրորդ հոդվածում խոսք է գնում, որ երբ որ կա սպառնալիք, այդ գործիքն արդեն սկսում է գործել»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու կոչեր է անում Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում էլ դեմ չեն, որ կառավարությունը դիմի այս կազմակերպությանը։ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի կարծիքով` դիվանագիտական բոլոր ուղղություններով պետք է աշխատել, բայց դա չպետք է լինի որպես ՀԱՊԿ-ին հակադրություն. «Այստեղ խնդիրն ավելի շատ նա է, որ չի կարելի ոչ մի դեպքում այս իրավիճակում խաղացնել հակաթեզերը»:
ԲՀԿ-ական պատգամավորն անթույլատրելի է համարում այս փուլում դաշնակից ՀԱՊԿ-ին ուղղված քննադատությունները։ Նրա կարծիքով՝ կազմակերպությունը գործում է ըստ պայմանագրի թելադրանքի, և կազմակերպության քայլերը համահունչ են հայաստանյան զարգացումներին. «Ես համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունն անում է ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է, որ այս իրավիճակը հանգուցալուծվի, սակայն մի անգամ ասել եմ և կասեմ` եթե ՀՀ իշխանությունները որոշել են դիվանագիտական ճանապարհով այս հարցը լուծել, ապա տարօրինակ կլինի, եթե ռուսը կանգնի, ասի` չէ, մենք մեկ է` պետք է կռվենք»: