Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր մտահոգությունն է հայտնում այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինծառայողների կողմից Հայաստանի Զինված ուժերի վեց զինծառայողի շրջափակման և գերեվարման առնչությամբ, ինչին, ինչպես նշում է Մայր Աթոռը, հաջորդեց նաև նվաստացուցիչ պատկերների հրապարակումը համացանցում։

«Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի իշխանությունների նման վարքագիծը, որը ոտնահարում է միջազգային իրավունքի դրույթները, հակասում արարչապատվեր մարդասիրության համամարդկային ընկալումներին», - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, ասված է հայտարարությունում։

Մայր Աթոռը կոչ է անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ատյաններին քայլեր ձեռնարկելու՝ հայ զինծառայողներին ու մնացյալ ռազմագերիներին ազատ արձակելու և կանխելու նորանոր անցանկալի զարգացումները տարածաշրջանում։

«Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում տեղ գտնող իրադարձությունները ոտնձգություն են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի իրավունքի հանդեպ։ Նմանօրինակ սադրիչ գործողություններն ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ իրական միտումները՝ վտանգելով տարածաշրջանում խաղաղության վերականգնման և կայունության հաստատման ուղղությամբ ներդրվող բազմակողմանի ջանքերը», - ասված է հայտարարությունում։

Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի են գերեվարել։

Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։

Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր վաղ առավոտից գործուղվել է Մոսկվա։ Նրա այցը ՌԴ, ըստ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, երկու երկրների ռազմաքաղաքական գործակցության շրջանակում է։

XS
SM
MD
LG