Իտալական աղբյուրները պնդում են, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կշարունակի խաղալ իտալական «Ռոմայի» կազմում։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է իտալացի մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Սեփական աղբյուրները վկայակոչելով՝ լրագրողը պնդում է, որ «Ռոմայի» ղեկավարությունը և Մխիթարյանը համաձայնություն են ձեռք բերել, ըստ որի հայ ֆուտբոլիստի պայմանագիրը կարող է երկարաձգվել մինչև 2022 թվականի հունիս։
Մխիթարյանի՝ իտալական ակումբի հետ կնքված պայմանագրի ժամկետը սպառվում է այս տարվա ամռանը։ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալից» իտալական «Ռոմա» էր տեղափոխվել 2019 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանի 16 խաղերում Մխիթարյանը 8 գոլ է խփել, ինչպես նաև յոթ գոլային փոխանցումների հեղինակ դարձել։