Մատչելիության հղումներ

Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինվորականների մի մասը, ըստ ՊՆ-ի, վերադարձել է ելման դիրքեր


Հայաստանում օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներն այցելում են Սյունիքի մարզի այն ուղղությունները, որտեղ ադրբեջանցի զինվորականները ներխուժել են Հայաստանի տարածք, 20-ը մայիսի, 2021թ.
Հայաստանում օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներն այցելում են Սյունիքի մարզի այն ուղղությունները, որտեղ ադրբեջանցի զինվորականները ներխուժել են Հայաստանի տարածք, 20-ը մայիսի, 2021թ.

Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների մի մասը վերադարձել է ելման դիրքեր: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից՝ առանց մատնանշելու, թե խոսքը որ ուղղության մասին է:

Ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ կեսօրի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է եղել, միջադեպեր չեն արձանագրվել:

Միևնույն ժամանակ, նախարարությունից հերքել են լրատվամիջոցներում շրջանառվող լուրը, թե Սև լճի տարածքում հազարից ավելի ադրբեջանցի կա: «Մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ հազարից ավելի ադրբեջանցի զինվորական կա», չի համապատասխանում իրականությանը», - ասված է հաղորդագրությունում:

«Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը` շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին», - վստահեցնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն՝ Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինվորականների թիվը 500-600 է: Ավելի վաղ Փաշինյանը Հայաստանում գտնվող 250 զինվորականի մասին էր խոսում:

Անցնող շաբաթվա ընթացքում ադրբեջանցիները Հայաստանի տարածք մտնելու հերթական փորձերն արեցին, հինգշաբթի օրը Խոզնավարի ուղղությամբ 1,5 կիլոմետր փորձել էին խորանալ, նրանց նախորդ դեպքերի պես տեղի հովիվներն էին նկատել:

Սև լճի տարածքում մայիսի 20-ին նաև միջադեպ էր գրանցվել հայ ու ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ, վիճաբանությունը ծեծկռտուքի էր վերածվել: Պաշտպանության նախարարությունից հաղորդել էին՝ երկու կողմերն էլ վնասվածքներ են ստացել, 11 հայ զինծառայող բժշկական կենտրոն էր տեղափոխվել, ըստ ՊՆ-ի՝ հիմնականում թեթև վնասվածքներով:

Սահմանային հարցով բանակցությունները փաստացի փակուղում են: Մայիսի 19-ին դրանք պետք է վերսկվեին, չվերսկսվեցին. ըստ հայկական կողմի՝ ադրբեջանցիները չէին ներկայացել բանակցություններին:

Սյունիքի սահմանամերձ գյուղերում սպասում էին բանակցությունների արդյունքներին, հիմա անորոշ իրավիճակ է: Մարդիկ անհանգիստ են՝ ոչ միայն իրենց անվտանգության համար. արոտավայրերի մեծ մասը ադրբեջանցիների ձեռքում է՝ անասունները գոմերում են մնացել:

«Ազատություն»-ը զրուցել է գյուղացիներից մի քանիսի հետ.

«Անհույս ապրում ենք: Էն նույն տեղում կանգնած են՝ ոչ շարժ կա, ոչ մի բան կա: Հետոն ինչ պիտի լինի, ով պիտի դրանց պատասխանը տա՝ ոչ մեկն էլ չի իմանում: Բայց տվող կա՞ պատասխան: Երկիր չկա, որ երկիր լինի, պատասխանն էլ կտան: Մենակ աթոռի մասին են մտածում՝ աթոռին նստեն, վերջ: Բա էսքան ժողովուրդը դուրս գան, որտե՞ղ պիտի գնան ապրեն...»:

«Շատ վատ վիճակում են ժողովուրդը, մեր էս Զանգեզուրի ժողովուրդը, անտեր ժողովուրդ են, տեր ու տիրական չկա...»:

«Մինչև էս ներկա կառավարությունը չփոխվի, դժվար թե մեր սահմաններում խաղաղություն լինի, ես դրանում հաստատ եմ համոզված: Եթե վարչապետը կարողանում ա հանգիստ խղճով էդքան հողերը հանձնի ու իրա խղճի առաջ ոչ մի պատասխանատվություն չի զգում, ես վստահ եմ, որ պիտի փոխվի, որպեսզի մենք խաղաղ պայմաններում ապրենք...»:

«Սա հին պրեզիդենտնին հավաքված էս գործը անում են, սա իրանց կեղտոտ գործն ա: Եթե չլնի Ռոբերտը, Հայաստանում ամեն բան կդզվի...»:

«Չէ, անհանգիստ վիճակ կա վեչ, ոչ մի խառըշփոթ կա վեչ, լրիվ էլ, ամեն մարդ իրա գործերին, նորմալ ձև ա, կյանքը նույն հունի մեջ ա, ոչ մի փոփոխություն չկա, վախի զգացում չկա ստե: Պրոստը մտածում ենք, էլի, ասում ենք՝ ինչ ա, խի՞ են էդքան անփույթ էլել, որ թորքը եկալ ա սահմանն անց կեցալ՝ առաջին պահնող չկա...»:

«Մեր վերևում նստած են իրանք, մենք էլ վախով ապրում ենք: Մենք մեր մասին չենք մտածում՝ մեր երեխաների մասին ենք մտածում: Աղջկս ասում եմ՝ «երեխաները վերցրու, գնա», ասում ա՝ «որ սպանեն էլ, տեղիցս չեմ շարժվի»: Ես էլ ընդհանրապես չեմ շարժվի, ուզում ա թուրքը գա մինչև մեր դուռը, չենք գնալու ոչ մի տեղ: Վախում ենք, բայց չենք գնա...»:

Գյուղացիները հույսը չեն կորցնում, որ իրավիճակը կհանգուցալուծվի:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG