«Ամեն լուսը բացվում ա, ասում ենք փառք Աստծո, էսօրն ել անցավ։ Էս մի քանի որը տենց ա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի (այս համանքի կազմում են Կութն ու Նորաբակը) ղեկավար Հակոբ Ավետյանը։
Համայնքապետն ասում է, որ այստեղ էլ Հայաստանի պետական սահմանն անցած ադրբեջանցիների քանակը ավելացել է։ Ստույգ չի կարող ասել՝ որքան, բայց դիրքերից երևում է, որ շատացել են․ - «Ըստ ինֆորմացիայի, ովքեր որ ընտեղ են, տեսնում են, ըստ իրանց ասածների, ավելացել են։ Բայց ես չեմ կարա հստակ թիվ ասեմ, որովհետև դե հեռվից տեսնում ես ու զգում ես, որ շարժը ավելի շատացավ»։
Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը երեկ կառավարության նիստում հայտնեց, որ Գեղարքունիքի ու Սյունիքի սահմաններին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինվորականների թիվը գրեթե եռապատկվել է․ - «Մոտավորապես 500-600 հոգի տարբեր հատվածներում»։
Դեպի Կութ ու Նորաբակ ադրբեջանցիներն առաջ են եկել մոտ երեք կիլոմետր։ Կութում մինչև 300, Նորաբակում ավելի շատ մարդ է ապրում։ Անասնապահությամբ են զբաղվում։ Գյուղի արոտավայրերում ադրբեջանցիներն են, անորոշության մեջ մոլորված բնակիչները չգիտեն ինչ անեն։ Եթե այսպես շարունակվի գյուղերը կլքեն, ասում է համայնքապետը։
Այստեղ ապրուստի միակ միջոցը անասնապահությունն է, իսկ արոտավայրերին հասնելը խիստ վտանգավոր է դարձել․ - «Հույս ենք պահում, որ կկարգավորվի։ Հետ կգնան, ամեն ինչ կընկնի իրա բնականոն հունի մեջ։ Իսկ հակառակ դեպքում, եթե մնաց էս նույն դիրքով, պարզ ա, որ շատ լուրջ խնդիրներ ա առաջանում և՛ անասնապահության, և՛ հողագործության, և՛ ընդհանրապես ժողովրդի հոգեբանության վրա շատ վատ կազդի։ Եթե արդեն մարդիկ հասկացան, որ էդ ձևով պըտի ապրեն, պարզ ա, որ շատ-շատերը կհուսահատվեն ու կթողեն ու կգնան»։
Երեկ այս հատվածում են ադրբեջանցիները կրակոցներ արձակել, հայկական կողմը նախազգուշական կրակոցով է պատասխանել։ Ավելի ուշ, ըստ Պաշտպանության նախարարության, ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապվել է հայկական կողմի հետ ներողություն խնդրել, թե կրակոցները պատահականություն են եղել։ Մայիսի 17-ին էլ ծեծկռտուք էր եղել ադրբեջանցիների ու հայերի միջև։ Ադրբեջանցիները ավելի առաջ էին եկել, հայ զինվորներին ստիպել հեռանալ իրենց դիրքերից, ինչը վերածվել է ծեծկռտուքի։
Երեկ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ ծեծկռտուքը սահմանի ամբողջ երկայնքով է եղել։
Դեռ լավ է, որ բանը ծեծկռտուքով ավարտվում է, սփոփվում է համայնքապետ Ավետյանը․ - «Հիմա համեմատական ավելի հանգիստ վիճակ ա, քան թե կար մի քանի օր առաջ։ Բայց դե, եթե իրար դեմ-դիմաց են կանգնած, մոտ տարածությունով, ծեծկռտուքը էդ դեպքում նորմալ ա, որ տենց ա ավարտվում, ոչ թե սպանություններով ու զենքով»։
Վերին Շորժայի հողատարածքներից ադրբեջանցիները հեռու են մոտ 500 մետր, սահմանն հատած ադրբեջանցի զինվորականների քթի տակ էլ գյուղացիները չեն դադարեցնում վարուցանքսը։
Գյուղապետ Արտյոմ Երանոսյանը վստահ է՝ իրենց ցանածը իրենք էլ կհնձեն․ - «Վարուցանք անողը ի՞նչ տրամադրությունով կընլի։ Մեկը գցենք, հազարը հնձենք»։
Անցած տարի էլ աշնանացանն էի անում, երբ պատերազմը բռնկվեց, հիշում է Վերին Շորժայի գյուղապետը։ Բերքն անձամբ է հավաքել, և հույս ունի, որ այս անգամ էլ այդպես կլինի․ - «Շուրջ 33 տարի ստեղ եմ, էս գյուղում եմ ու իմ ցանածը ես էլ հնձել եմ։ Նպատակ ունեմ նաև 34-րդ տարվան հնձեմ»։