Մատչելիության հղումներ

«Ձեռքով արեց՝ հետ գնա, հետո ընկերոջս ասացի, հետ գնացինք». խոզնավարցի հովիվը՝ գյուղին մոտեցած ադրբեջանցիների մասին


Մինչ հայկական կողմն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ կոչ է անում ադրբեջանական կողմին լքել Հայաստանի տարածքը, ադրբեջանցիներն այս անգամ էլ առաջացել են Սյունիքի Խոզնավար բնակավայրի արոտավայրերի ուղղությամբ: Նրանց առաջինը, ինչպես մյուս դեպքերում, կրկին հովիվներն են նկատել:

«Գնացինք մոտեցանք, ասինք մեր տղերքից են, մոտեցանք, տեսանք մեր ֆորմաները չեն, ու ձեն ենք հանում, ոչ մի բան չի խոսում: Ձեռքով արեց՝ հետ գնա, հետո ընկերոջս ասացի, հետ գնացինք, հետո տենանք վերևից իջնում են իրանք», - պատմեց հովիվներից մեկը:

Հիմնականում անասնապահությամբ զբաղվող Խոզնավարում հիմա զրկվել են արոտավայրերից, ստիպված խոտհարքի տարածքում են կենդանիներին արածեցնում ու մտորում՝ անասունների ձմռան կերի հարցը ինչպես են լուծելու. «Էս խոտհարքը մենք պահել ենք, որ տուկ անենք, ձմեռը մեր անասունը պահենք, բայց ոնց տեսնում եք մենք ստեղից հաստատ մեկ տուկ չենք տանելու: Հիմա մեկ տուկն էլ արժի 2000 դրամ, մարդ կա խոշորը շատ ա, մարդ կա՝ քիչ, ոչ մեկս չենք իմանում ինչ կլինի վերջում»:

Որ ադրբեջանցի զինվորականների հերթական խումբն է ներխուժել Սև լճի հարակից տարածք, «Ազատությանը» հայտնել էր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ Հայաստանի տարածք երեկ ադրբեջանցի երեք տասնյակ զինծառայող է մտել:

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հետ սահմանակից դարձած Խոզնավարն անհանգիստ է՝ գյուղամիջում, գյուղի մթերային խանութի մոտ մարդիկ վերջին օրվա գլխավոր թեման են քննարկում, ասում, կիսվում, մտահոգվում՝ գյուղում կյանքը էլ առաջվան պես չէ: Ադրբեջանցիների դիրքերը տեսանելի են Խոզնավարի տարբեր հատվածներից:

«Ես գիշերը չեմ քնել, շորերս չեմ հանել, մինչև առավոտ նստել եմ, ոչ մի կռիվ չի եղել, բայց չես կարում». - Գիշերը գյուղում գրեթե բոլորը աչք չեն փակել, մտածում են՝ հակառակորդը ամեն ինչի պատրաստ է:

Երեխաներին ու ծերերին գյուղից տեղափոխել են բարեկամ-ծանոթների տուն՝ Խոզնավարից դուրս՝ հանկարծ կրակոց չհնչի ու երեխաները վախենան. «Երեխաներին հանել ենք՝ անվտանգությունից ելնելով, բայց դե մեր դուխը տեղն ա: 90-ականներին իրանց սատկացրել ենք, հիմա էլ կարանք, ի՞նչ տարբերություն, նույն մարդիկ ենք, մեր բանակի ցավն էլ տանենք, իրա կողքն ենք, մենք երբեք գյուղը չենք լքի»:

Գյուղացիները լսել էին, որ հայ ու ադրբեջանցի զինծառայողները երեկ գյուղից ոչ շատ հեռու ձեռնամարտի են բռնվել ու վիրավորներ կան:

Միջադեպի մասին այսօր մանրամասներ ներկայացրեց Գլխավոր դատախազությունը։ Ըստ գերատեսչության՝ Խոզնավարի հատվածում ադրբեջանցիները 1.5 կմ առաջացել են Հայաստանի տարածքով, նրանք իրենց մոտեցած հայ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել, հայտարարել, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, առաջանալու դեպքում սպառնացել են կրակ արձակել:

Դրանից հետո, Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, հայ զինծառայողներին հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր: Ադրբեջանցիները, սակայն երկրորդ փորձն են կատարել՝ Հայաստանի տարածք մտնելու, որն էլ ծեծկռտուքի է վերածվել: 11 զինծառայող է վնասվածք ստացել։

Արդեն Պաշտպանության նախարարությունից «Ազատությանը» հայտնեցին, որ զինծառայողների վնասվածքները հիմնականում թեթև են, նրանց վիճակը նորմալ է: Ըստ Պաշտպանության նախարարության՝ վնասվածքներ են ստացել նաև ադրբեջանցի զինվորականները, իսկ արդյոք նրանց ևս հայկական կողմը բուժօգնություն ցուցաբերե՞լ է, չմեկնաբանեցին:

Ռազմական գերատեսչության մամուլի հաղորդագրության համաձայն՝ Սև լճի վիճաբանությունը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։ Իսկ ծեծկռտուքի պատճառն, արդեն Պաշտպանության նախարարության ներկայացմամբ՝ սկզբում ադրբեջանական, այնուհետ էլ հայկական սոցիալական ցանցերում տարածված հայ ու ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ տեսանյութերն են: Ծեծկռտուքի առթիվ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել։

Պաշտպանության նախարարությունից նաև հայտնում են, որ սահմանային իրադրությունը մայիսի 21-ի կեսօրի դրությամբ էական փոփոխություններ չի կրել, այսօր Սև լճի մերձակայքում են եղել Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդները։ Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ նրանք արձանագրել են Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինվորականների ներկայությունը, դիտարկել տեղանքում հայկական և ադրբեջանական ուժերի տեղակայումը։

XS
SM
MD
LG